Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տատի ներկայությունից սիրտ առան,— Սիմոնը խոր հառաչով, կարծես ինքն իրեն, ասաց.

— Էսօր Մինասի տղան էր պատմում... Ասում էի սուտ կլինի, ա՛ռ քեզ...

— Ապի, յանի թագավորն էդքան ձի ինչի՞ ա հավաքում,— հորը դարձավ անդրանիկ աղջիկը՝ nւթ տարեկան Շողերը։

— Ես ի՞մ, — ուսերը վեր քաշեց հայրը,— կռիվ ա, բալա ջան... Մարդ են ջարդում, ձիեր են կոտորում։ Ժողովուրդ տուր... թագավորի հրաման ա։

— Փո՛ւ, փո՛ւ…

Անհայտ էր, թե Երեմը այդ բացականչությամբ իր զարմանքն էր արտահայտում, թե՞ պաղեցնում էր տաք ապուրը: Մայրը սկսեց նրան կերակրել և ահը սրտում ամուսնուն հարցրեց.

— Մեր Ցոլակը չափումը կգա՞,— բայց Սիմոնը, որ անակնկալ մտքերի հետ էր, չլսեց նրա հարցը։ Ցոլակը նրանց ձին էր, կապտավուն մորթով, որի վրա, ինչպես աստղերը, ցրված էին սպիտակ նշաններ։ Երկար, ալիքաձև պոչ ուներ Ցոլակը։ Եվ ասում էին, թե մի հին և ազնիվ ցեղի շառավիղն էր այդ ձին, որ Սիմոնը գնել էր երկու տարի առաջ, փոխարենը տալով իրենց էշը, մի անմայր հորթ, մի կարպետ և երկու բեռ ցորեն։

—Տուն եմ, երեխաների տեր եմ, առանց ձիու հնար չկա,— ասել էր նա և ուրախության ժպիտով առաջին անգամ ձին քաշել աղբյուրը։ Հենց այդ օրն էլ նրան անվանել էին Ցոլակ, այն ձիու անունով, որ եղել էր նրանց տանը՝ Սիմոնի մանկության տարիներին։

— Հակառակի պես հայվանն էլ ջանով ա,— ասաց Սիմոնը և սթափվելով խոր մտքերից, դանդաղությամբ հացի փշուրները փեշից սփռոցի վրա թափելով,— տարվա էս ժամանակ ձին էլ էդքան ջանով լինի։ Հալբաթ էսպես պիտի լիներ...

Ասաց ու վեր կացավ, փափախի մորթու միջից