Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փողոցը, բերդի պես դրսից անջատված խոր խրամատներով, կապույտ ծուխը բարձրանար վերև, և ծխի միջից ինքը նայեր Արարատին ու հիանար։ Թող ամբողջ աշխարհում թագավորեր երկաթը, և միայն այստեղ իշխեր կավը, քարը, փայտը... Դրսից չհասներ ոչ մի հնչյուն, ոչ մի օտար աղմուկ, և ոչինչ չվրդովեր նրա հանգիստը:

Անեղծ մնար պրովինցիան...

Այդ էր նրա ցնորքը։

Հետո նա լսում էր այն ձայները, որ բերում էր քամին լեռներից: Նա զգում էր քամու բերած բույրերը և որոշում, որ լեռան վրա արդեն բացվել է մանուշակը, որ բադերը բարձրացել են գետերի հոսանքով մինչև լեռնային մարգագետինները, որ հասկերը լցվում են կաթնագույն հեղուկով, ահա գալիս է տաք շեղջի բույրը, ուրեմն ցորեն են ծեծում, և կարմրել է խնձորը։

Նստում էր այդ անանուն մարդը բարձրության վրա և մտածում էր մի անէական աշխարհի մասին։ Նրա աչքի առաջ բացվում էր բլուրների, լեռների և դաշտերի մի ընդարձակ տարածություն, մի ամբողջ երկիր։ Սպիտակ և բարձրահասակ եզները ահա քաշում են արորը, պարարտ սևահողը ծալվում է իրար վրա, երգում է մշակը՝ պարզ երգեր, հետո աղջիկները հաց են բերում, մշակ ու սերմացան նստում են սև հողերի վրա, աղջիկները ժողովում են դաղձ, եզներն արածում են կանաչ արոտներում։ Մայր է մտնում արևը, հոգնած մշակները և եզները տուն են վերադառնում, օջախներից բարձրանում է ծուխը, և լսվում է շների ուրախ աղմուկը։

Նրա անիրական աշխարհում միայն այդ կար՝ գյուղեր՝ խաղաղության մեջ, ծառեր՝ երգերի համար, ջրեր՝ որ ոռոգում են արտերը և պարտեզները, շներ՝ որոնք հաչում են լուսնի վրա, մարեներ՝ հաց թխելու համար և գզրարներ, որոնք ձմեռը նստեին օդաներում, գզեին բուրդ և մինչև լույս հեքիաթներ պատմեին։

Ամեն գիշեր այդ անանուն մարդը լինում էր այդ