Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


որպեսզի դրսից ոչ մի հնչյուն չհասնի իր փողոցին: Եվ ճանապարհ ելավ դեպի այն անիրական աշխարհը...

Հանկարծ, ներքևում, կապտագույն ռելսերի վրա, նա տեսավ մի վիթխարի տուն, լույսերով ողողված, որ շարժվում էր ամեհի թափով, գալիս էր աղմուկով և զանգերի ղողանջով, գալիս էր, որ բարձրանա լեռը, խլի իրենից և այդ բարձրությունը։ Նրան թվաց, թե ռելսերի վրայով գալիս է մի ահեղ դագաղ, որից փրկություն չկա, ահա ղողանջում են զանգերը, և այդ վտիտ մարդը տեսնում է դագաղի բաց կափարիչը։

Նրա ստվերը անհետացավ։

Հետո պատահմամբ գտան մի վերարկու, որ կռթնել էր քարին, մի զույգ մաշիկներ և մի հնաձև գլխարկ։ Այդ ամենն այնպես էր, որ կարծես մեջը մարդ կա, գլխարկի տակ՝ գլուխ, վերարկուի մեջ՝ իրան, և կոշիկների մեջ՝ ոտքեր: Բայց ոչինչ չկար։ Կարծես մարդը շորերի միջից հրաշքով դուրս էր եկել և անհետացել։ Այդպես իր հին շապիկից դուրս է գալիս օձը։

Բայց ասում են, որ մի վտիտ մարդ, այլ տարազով, երեկոները, երբ հանդարտվում է քաղաքի աղմուկը, Աբովյան փողոցի վերջում սպասում է տրամվայի վագոնին: Մարդը մտնում է ներս, նստում և պատուհանից նայում է դուրս։ Տրամվայը նրան տանում է քաղաքից դուրս, և այդ մարդն անհանգստության նշաններ է ցույց տալիս, երբ երևում է այն Բարձր լեռան գագաթը: Նա խնդրում է արագացնել ընթացքը, ուրախությունից դողում է և համոզված է, որ ինքը բարձրանալու է այն լեռան գլուխը և տեսնելու է իր ցնորքի աշխարհը: