Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՍԵՎ ՑԵԼԵՐԻ ՍԵՐՄՆԱՑԱՆԸ
1

Ես հարցնում եմ Ավագին.

— Մնո՞ւմ է այն վարագույրը...

— Մնում է։

— Իսկ մա՞յրը...

— Մայրը դեռ հավատում է։

Հետո բարձրանում է մի այլ վարագույր, և երևում են արևի շողերով ողողված Արաքսի տափարակը, առափնյա դեղնած եղեգները, որոնք հազիվ օրորվում են գետի զովից։

Ավագի հետ հասնում ենք հնձած արտերի սահմանին և նստում միայնակ չինարու տակ։ Ընկերս սրբում է քրտնած ճակատը և արևից այրված աչքերը դարձնում մութ սաղարթի կողմը։ Ճյուղերի վրա նստել են գեր սարյակներ և դաշտային գորշ ճնճղուկներ։ Նրանք անհանգստանում են, և թվում է, թե հարցնում են իրար, թե ի՞նչ մարդիկ ենք, հրացան չկա՞ մեր ձեռքին կամ քար չե՞նք առնի։ Ապա հանդարտվում են, որովհետև ծեր սարյակը հանդիմանում է նրանց անտեղի հուզմունքի համար: Այնուամենայնիվ թռչունները բարձրանում են վերևի ճյուղերի վրա։ Նրանք կորչում են տերևների արանքում, և չի դադարում թռչնային անհանգիստ զրույցը: