Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նավթ, գրվանքում մի կոպեկ պակաս, գումարով 30 կոպեկ»։

Տիգրանուհու մասին հետագայում եղած հիշումները միշտ էլ «պարտքի դիմաց» են կամ «պարտքի կողմանից»։ Նա բուրդ է լվանում, կալ է կալսում, լոբի է քաղում բոստանում։ Ինչ-ինչ նկատառումով Վասիլը կարևոր է համարել օգոստոսի 21-ին նշանակել, որ այդ օրը Տիգրանուհին չի աշխատել, «ոտքը մտել է փուշ»։

Օգոստոսը Վասիլի տարեգրության մեջ նշանավոր է դրամական հաշիվներով։ Համարյա ամեն երեսի գրել է փոքրիկ հաշիվներ 10 օրվա ծախսը. «Հնձվորին մի օր ներքի արտում մի մանեթ 60 կոպեկ», «Մանուչարից առա գերանդի, պարտք մնացի 60 կոպեկ», «Ջրվորներին մի փութ ցորեն»։

Վասիլի մատյանում Տիգրանուհու չուստերի մասին մի անգամ էլ հիշատակված է օգոստոսի վերջին։ Թեև Վասիլը օրագիրը շարունակել է մինչև տարվա վերջը, սակայն շատ քիչ են հիշատակումներ Տիգրանուհու և նրա չուստերի մասին։

Վերջապես Վասիլը գնում է մի զույգ չուստ, սակայն Տիգրանուհու անունով գնած չուստերը դառնում են Վարսենիկի սեփականությունը, իբրև թե նրա ոտքին մեծ լինելու պատճառով։ 20 Այդ առթիվ շատ մակերեսային դատողություն է արել Վասիլը, մոտավորապես այն ձևով, թե աշխարհը փուչ է, լավությունն էլ է կորչում, վատությունն էլ։

Չենթադրե՞լ արդյոք, որ ընդհարում է եղել Վարսենիկի և Տիգրանուհու միջև չուստերի համար, մեկը լաց է եղել, նորից բոբիկ ոտքերով («առի ծամոն վերքի համար») արտը գնացել «պարտքի դիմաց», մյուսը չուստերը պահել է հայրական տնից բերած սնդուկի մեջ։ Ինչպե՞ս հասկանալ Վասիլի գրածն այն մասին, թե «Տիգրանուհին խռովեց, զոռով բերեցինք կալատեղից»։

Սեպտեմբերին ծնում է Վասիլի երկրորդ կովը։