Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչ էլ ներքևը` նոսր, այլ երկու ծայրերը հավասար խտությամբ, իսկ մեջտեղը թանձր։

Եվ դեռ հարյուրավոր այսպիսի հարցեր` բամբակ բանողների, քաղհանավորների, սերմնացանների և հնձվորների, դարբնի և սայլապանների մասին, աղյուս թափողների և տուն կառուցող վարպետների աշխատանքի ու նրա վարձատրության չափի մասին և այն մասին, թե ինչպես սերմել, որ արտերում անսերմ «խեց» չմնա, որ հողի բոլոր գուղձերը փշրվեն, ով է քաղցր հնձում, ով է լավ առու քաշում, լար տալիս և մարգոց անում, ե՞րբ է հարկավոր ցելաջուր և ե՞րբ ակոսով ջուր,— և մի՞թե հնարավոր է միառմի թվել աշխատանքի այն բոլոր տեսակները և նկարագրել աշխատանքի կազմակերպման դժվարությունները և նրանց փորձը, որոնք չորս տարվա ընթացքում եփվել են այն դժվարությունների բովում և որոնցից յուրաքանչյուրը փակ աչքերով էլ տեսնում է իրենց հողերը, իրենց մեքենաներն ու մարդկանց, որոնք միացրել են իրենց աշխատանքը։

Եվ դեռ երկար ժամանակ և ոչ թե մի օր, անձրևից ծեծված և արևառ դեմքերով այդ փորձառու մարդիկ, համայնական հողի մշակների այդ նոր ցեղը պիտի ուղեղ մաշի, և նրանց աշխատանքը պիտի ուռճանա լիքը հասկերով:

Երբ ներս մտանք քեռի Դավոյի տունը, տնեցիների դեմքի վրա նկատեցինք մեր գալու հետ ընդհատված հետաքրքիր պատմության հետքերը. իսկ քեռի Դավոն այնպես էր նստել, և մյուսներն այնպես էին նայում նրան, որ մատնում էին, թե այդ հետաքրքիր պատմողը հենց ինքը քեռի Դավոն էր, որի երկու կողքին, թախտի վրա քոթոթների նման կծկվել էին երկու թուխ մանուկներ, ըստ երևույթին քեռի Դավոյի թոռները։ Նրանցից մեկը դեռ բավական երկար մնաց այդ դիրքով և նրա լայն չռած