Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկավ, ձորերը դրնգացին, ձորից թռան միրհավերը՝ թևերը լայն, փափուկ բմբուլով, թևերը բաց աշնան արևի շողերի տակ: Մեկը միայն թպրտաց, մամռոտ քարից վայր ընկավ թփուտների մեջ:

Դիլան դային վրա վազեց և վազելիս նկատեց, որ մի սպիտակ շուն, լեզուն հանած վազում է թփուտների կողմը: Մի պահ կանգնեց, զարմացավ, բայց քայլերն արագացրեց, թռավ քարերի վրայով, որովհետև շունը թփերին էր հասել:

Որսկան շան բերանն ու Դիլան դայու ձեռքերը միասին ձգվեցին դեպի միրհավն արնոտ, Դիլան դայու մատերը դիպան դեղին բմբուլներին, բայց միրհավը հանկարծ թևին տվեց, թռավ վերև: Երկու փետուր օրորալով վայր ընկան, աշնան դեղին տերևների պես...

Դիլան դային բերանը բաց նայում էր արնոտ միրհավի ետևից, երբ հանկարծ շատ մոտ լսեց ոտնաձայն, ետ նայեց, աչքերը չռեց, հրացանը ձեռքից վայր ընկավ:

Յասաուլն էր, աժդահա, ռեխը՝ լայն, աչքերը՝ ջուխտ կրակ, տեղով մի զարզանդ... Մոտեցավ, բղավեց երեսին, ձեռքի մտրակով զարկեց ուսերին, մտրակի ծայրը կպավ երեսին, քթին: Ոտը գետնով տվավ, թքոտեց:

Շունը, յասաուլի որսկան շունը, մեկ նայում էր տիրոջ, մեկ Դիլան դայուն, մռռում էր, պոչը գետնով տալիս, մեկ բերանը բաց անում, մեկ էլ սկսում հոտոտել թփերի մեջ, որտեղքիչ առաջ ընկած էր միրհավն արնոտ:

Դիլան դայու լեզուն կապ էր ընկել, չկարողացավ խոսել: Լեզու չգիտեր, յասաուլը ռուսերեն էր խոսում: Լեզու իմանար էլ, նա պիտի լռեր, վախը կապել էր նրան: Երբ ուշքի եկավ, յասաուլն էլ էր հեռացել, իր շունն էլ: Նայեց նրանց ետևից, մտաբերեց շան փրփրած բերանը և խոսքերն օտար, հասկացավ, թե յասաուլն ինչու է զայրացել:

Նա կարծել էր, թե միրհավն իր խփածն է, շունը