Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԽՈՆԱՐՀ ԱՂՋԻԿ

Գարնանային առավոտը խոստանում էր պայծառ և արևոտ օր: Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում էին քարոտ արահետով և ամեն քայլափոխին փնչում։ Քրտնքի կաթիլներից խոնավացել էր նրանց վիզը, մուգ-կապույտ գույն ստացել։

Արահետն օձապտույտ ոլորվում էր։ Ինչքան հեռանում էինք գյուղից, այնքան ավելի խտանում էր անտառը, ավելի հաստաբուն ծառերի էինք հանդիպում, որոնց ճյուղերն իրար էին խառնվել, կախվել կածանի վրա: Հաճախ էինք կռանում թամբից, գրկում ձիու վիզը, որպեսզի կախ ընկած ճյուղերը չքերծեին մեր դեմքը, փշերը չծակծկեին։

Լուռ էինք։ Ես մտրակի ծայրով զարկում էի ծառերի տերևներին, փրցնում տերևներ, կամ թափահարում ծառի կախ ընկած ճյուղերը, և գիշերվա ցողը տերևներից անձրևի պես թափվում էր ձիու վրա, ինձ վրա։

Ընկերս կամացուկ սուլում էր մի երգ, ձիու քայլերի համեմատ էլ օրորվում թամբի վրա։

— Այս կածանով տասներկու տարի առաջ առաջին անգամ իջա Ձորագյուղ,— ասաց ընկերս: Թվաց թե ինքն իրեն է խոսում։

Ետ դարձա, նայեցի նրան։ Ժպտում էր, կարծես միտն ընկավ մի հին դեպք, որին ականատես է եղել կածանը, անտառը։ Հարցրի, թե որ քամին է նրան շպրտել հեռու ձորերում ընկած այս գյուղը։