Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կյանքումս որս արած չթվայի։ Պառավն էլ խոստացավ հարևանի կայծքարով հրացանը խնդրել։

Հենց հաջորդ կիրակի, առավոտ կանուխ, երբ դեռ երդիկներից նոր էր ծուխը բարձրանում, ես ու Անտոնը անտառի ճանապարհը բռնեցինք։ Այդ օրը ես չորս անգամ կրակեցի։ Կրակոցից ծառի ճղներից ձյուն թափվեց, բայց իմ վառոդը չխանձեց ոչ մի աղվեսի մորթի։

Անտոնը սիրտ էր տալիս, թե սկսնակի համար այդ էլ շատ է։ Բայց ես տեսնում էի, որ նրա ծաղկատար դեմքը խորամանկ ժպտում է։ Ինքը մի ծեր աղվես սպանեց, երկու մշահավ։ Ծեր աղվեսն այնքա՜ն չարչարեց 10 մեզ:

Անտոնը կրակեց, մուխի մեջ ես տեսա, թե ինչպես աղվեսը գլորվեց։ Վրա վազեցինք, աղվեսը ատամները կրճտացրեց պոչը ետևի ոտքերի մեջ կոխեց ու փախավ։

Ձյունի վրա հետքերն էին և արյան շերտեր։ Մի քանի տեղ ուժասպառ ընկել էր, արյունն ավելի շատ էր հոսել, մորթու մազերը թափվել էին ձյունի վրա։

Աղվեսին փնտրելիս Անտոնը մի մշահավ էլ սպանեց: Վազեցինք վերցնելու, մի քիչ հեռու, փոսի մեջ տեսանք և ծեր աղվեսին։ Կծկվել, կուչ էր եկել, դունչը մոտեցրել վերքին։ Կախ ընկած լեզուն արնոտ էր: Երևում 20 էր որ լիզել է վերքի արյունը։

Անտոնն աղվեսին ուսով գցեց, մշահավերն ինձ տվավ, և մենք վերադարձանք։ Գյուղին չհասած, անտառի բացուտում չոր ճյուղերի կոտրատելու ձայն լսեցի։ Ինձ թվաց, թե պախրան է եղջյուրներով ծառի ճյուղերը կոտրատում, դեն հրում, որ ձյունի տակ չոր տերևներ հանի։ Ետ նայեցի։

Մի տղա, ութ-տաս տարեկան, ցախ էր դարսում պարանին։ Մի քիչ հեռու կանգնել էր մի աղջիկ, պարանի պես բարակ ճյուղը ձեռքին։ Նրանք մեզ ավելի շուտ էին տեսել, կանգնել նայում էին։ Ահա այդ դեմքն է, որ մեխվել է հիշողությանս մեջ,