Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խոնարհ, Խոնարհ… Նայում էի գրատախտակի թվերին, աչքիս առաջ բրդե շալով աղջկա գլուխն էր, ոտները ձյունի մեջ, օձի պես սև պարանը ձյունի ճերմակության վրա:

Այդ դեմքը մերթ սուզվում էր անդունդ, որը սովորական էր դառնում, հիշում էի, որ անտառում մի ծեր աղվես ենք սպանել, երկու մշահավ: Մեկ էլ դեմքը մոտենում էր, երևում աչքիս առաջ, և ես ճգնում էի իմանալ՝ ժպտա՞ց աղջիկը, երբ ետ նայեցի, թե՞ աչքիս թվաց:

Վիզը ծուռ Անտոնի հետ մի անգամ էլ որսի գնացինք: Բացուտին երբ հասանք, ես դիտմամբ մոտեցա գերանին, որի մոտ կանգնել էր աղջիկը: Որսորդը կանչեց իմ ետևից, թե ճանապարհն աջ է ծռվում: Այն տեղում հետքեր չտեսա: Ձյունը ծածկել էր ոտքի տեղերը, մի չոր ցախ էր ընկած ծառի տակ: Կռացա, վերցրի:

Վերադարձին գյուղի ծուռումուռ փողոցներով եկա, որպեսզի նրանց տան առաջովն անցնեմ: Այդ թաղի շները սովոր չէին ինձ, հաչոցով վրա վազեցին: Բայց և այնպես կիսաբաց դռնից տեսա նրան բակում, մի քանի աթար գրկած: Ինձ տեսավ, դեմքն իսկույն մյուս կողմը դարձրեց, տուն մտավ: Ես շատ պարզ նկատեցի, թե ինչպես կարմրեց նրա դեմքը:

Այդ օրն այնքա՜ն ուրախ էի: Օհան ապերն էլ նկատեց և ծիծաղելով ասաց, թե վիզը ծուռ Անտոնի հետ երևի անտառում մի օյին ենք սարքել: Ընթրիքից առաջ բուխարու մոտ երբ ննջեց Օհան ապերը, ես արագ թերթեցի նրա շարականի գիրքը, բրդե թելն ուրիշ թերթի արանքում դրի, որ առավոտյան Օհան ապերը կարդա ու զարմանա, թե երբ կիսեց շարականի հաստ գիրքը, կարդա ու կասկածով նայի մեկ ինձ, մեկ Աշոտին:

Ձմեռվա ընթացքում Խոնարհին ես երկու անգամ տեսա: Մի ամիս հիվանդ էր, բարեկենդանի տոներից մի շաբաթ առաջ լավացավ: Շատ անգամ էի քրոջից հարցնում նրա մասին: Եվ ամեն անգամ տարբեր