Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԼՊԻԱԿԱՆ ՄԱՆՈԻՇԱԿ

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն բարձր բուրգերն են երևում։ Հեռվից ավերակներ չեն երևում, այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, մեկը աշտարակի գլխից ձայն պիտի տա զառիվայրով բարձրացողին:

Իսկ երբ քամին գզրարի պես ցրում է ամպերը, ծվեններ է անում, հալածում և ձորերում հալում ամպի բարդան դեզերը, պարսպի վրա երևում են մացառներ, խոնարհված է աշտարակի գլուխը, տեղ-տեղ պարիսպները կիսով չափ հողի տակ։ Ոչինչ փայտեղեն, և ոչ մի երկաթյա դուռ, ոչ մի պահակ։

Լռություն կա Կաքավաբերդի գագաթին, Բասուտա գետն է ձորում ոռնում, քերում ափերի քարերը և ողորկում կապույտ որձաքարը։ Վերևից գետը սպիտակ քաթանի պես է թվում, ասես սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռ և կրծում քարե շղթաները։ Դրա համար էլ նեղ հունի մեջ աղմկում է Բասուտա գետը։

Պարիսպների գլխին բուն են դրել ցին ու անգղ՝ կողովների չափ բներում։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն են լսում, կռնչյունով աղմկում են, թռնում բներից, պտույտներ անում բերդի գլխին։ Գորշ գույն ունեն անգղն ու ցինը, կտուցները հնօրյա թուրի