Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ

Իրիկնապահին` Արթին պապիս նստելու տեղը կամարակապ դարպասի նիշն էր, որի ներքևի մասը գետնից մի մետրաչափ բարձր` կոկիկ տաշած էր, քարե աթոռի պես սարքած։

Կնստեր իր տեղը, երկու ձեռքով հոնի կարմիր մահակի կոթից բռնած, գլուխը մի կողմի վրա կթեքեր և, եթե զրուցընկեր չունենար, ինքն իրեն կխոսեր ու քթի տակ կժպտար։ Նրա կապույտ աչքերը ժպտալիս փոքրանում էին, և աչքի տակ մանրիկ, բարակ կնճիռները ծալվեծալ շարվում էին կողք-կողքի, ակոսների պես։

Դարպասի մոտ իրիկնապահին նստելը պապիս հին սովորությունն էր։ Կովերը արոտից էին տուն գալիս, եզները` վարից, հոգնած ու դանդաղ քայլերով` պառավ ատամների տակ ծամելով ճամփի եզրից փրցրած մի փունջ խոտ։ Ու նստած տեղից մեկ էլ տեսար մեկն ու մեկին մի բան պատվիրեց.

— Էգուց Ալա եզը վարի չտանեք,— կամ թե`

— Մի տեսեք էն քուռակն ինչի՞ յա կաղում։

Հետո պիտի վեր կենար, ցրված խոտը հոնի փայտով հավաքեր, մոտեցներ Ալա եզին կամ կաղ քուռակի ոտքը շոյեր։

Մութն ընկնելուց ժամի զանգերը ծլնգում էին։ Առաջին ծլնգոցին փափախը պիտի հաներ, խաչակնքեր, թեկուզ այդ պահին Ալա եզան կողքին էլ կանգնած լիներ