Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Ճարներս ի՞նչ, պիտի տանք... Տեսնենք մի խաբար կբերի՞...

Ու մենք հասկանում էինք, թե կա մի մարդ, որ եթե մտքում դնի, ստույգ լուր կբերի Եգոր քեռուց։ Ո՞վ էր այդ մարդը, մենք չգիտեինք։ Հայտնի էր, որ երբեմն գզիր Իբիշը մեր տնից յուղ ու պանիր էր տանում նրա համար։ Մի անգամ էլ երկու ոչխար տարավ ու հենց գոմի շեմքին երդվեց, որ անպատճառ կասի նրան։ Գզիրը միջնորդ էր, ոչխարը քշեց հարևան գյուղը, որտեղ ապրում էր տանուտերը, և որի տանը շատ հաճախ լինում էր պրիստավը։

Աշնան մի օր պապս, որ առավոտ կանուխ ձի էր նստել ու գնացել հարևան գյուղը, ուրախ-ուրախ ձիուց իջավ, սանձը շտապով հանեց ձիու գլխից, ու մինչև ձին ներս կմտներ գոմի դռնով, շտապեց մեզ հայտնելու, որ տանուտերից հաստատ տեղեկացել է, որ քեռիս ողջ է և գտնվում է այսինչ քաղաքում։

— Անունն ի՞նչ էր էն անտերի... Տես է, հուշ եմ ասել։ Լեզվիս պտկին էր, ամբողջ ճանապարհին ասում էի, որ մտահան չանեմ:

Հարկավոր էր խնդիր ուղարկել ամենաբարձր տեղը՝ հենց իրեն՝ ռուսաց թագավորին, ինչպես ասել էր տանուտերը։

Մեզ հեքիաթի պես էր թվում պապիս պատմածը։ Եվ մինչդեռ տատս ուրախությունից շփոթվել ու անվերջ աղ էր լցնում ապուրի մեջ և խառնում, մենք զարմանքով էինք նայում մեր կարճլիկ, մազը սպիտակված պապին, որի կապույտ աչքերը պայծառացել, վառվում էին հույսից, հրճվանքից։

Ինչպե՞ս է գնալու նամակը։

— Պապի, թագավորը նամակդ որ ստանա, ի՞նչ պիտի անի։

— Կկարդա, հրաման կտա պրիստավին, որ