Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի քանի հոգի սիրտ արին, մոտեցան։ Սակայն ոչ ոք ծպտուն չհանեց։ Իսկ երբ բակում երևաց ուրյադնիկը, նրանք էլ հեռացան։ Պապս գլխարկը թափահարեց ու դարձավ ինձ՝

—Ձին պահի, բալաս... Պատասխանը դեռ չկա...

Բերանից արյուն էր գալիս։ Ես տեսա նրա ջարդված ատամը։ Եվ արյունը, թքի հետ խառնված, շրթունքների արանքից կաթում էր արխալուղի վրա։

Ձին մոտ քաշեցի։ Մեր գյուղացի մեկը օգնեց ինձ էլ, պապիս էլ ձին նստելու։

Անխոս ճանապարհ ընկանք...

Պապս գլուխը կախել, ձախ ձեռքով բռնել էր ծնոտը։ Ես պինդ գրկել էի նրան, գլուխս հենել մեջքին, լսում էի նրա ընդհատ շնչառությունը. պապս լալիս էր։

Գյուղից դուրս գալուց հանկարծ արցունքներս, ամբարտակը պատռած ջրի պես, դուրս թափվեցին։ Ես ավելի պինդ փաթաթվեցի նրա մեջքին։

Երեկոյան, երբ պապս, ատամների ցավից տնքալով, հազիվ լսելի պատմում էր, թե ինչ եղավ ներսում, երբ ներկայացավ պրիստավին, երբ Մոլքելանց Առստամը նրա ականջին մի բան փսփսաց, պիստավը փրփրեց, հայհոյեց և ոտքերը գետնին տալով, բռունցքները օդում ճոճելով, ասաց՝

— Ես քեզ ցույց կտամ, թե ինչ է նշանակում թագավորին գանգատ ուղարկել պրիստավից...

Իզուր էր պապս փորձել թարգմանի միջոցով հայտնելու՝ թե ինքը ռուսաց թագավորին նամակ է գրել միայն իր որդու՝ Եգոր Խուրշուդովի մասին։

— Բերանս բաց արի թե չէ, մի անգամ խփեց, աչքերս սևացան, գլուխս շուռ եկավ։ Էլ միտս չի՝ թե ինչպես դուրս քցեցին... Առուստամը ծիծաղում էր բեղի տակ...

Այն օրից շատ տարիներ են անցել։ Պապս վաղուց է