Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեռքի երակների նման ցանց են կապել քարափների, ժայռերի ու քերծերի վրա, ճյուղավորվում են, բաժանվում իրարից, մեկը մի ձոր է իջնում, մյուսը մի քարափ բարձրանում, մի տեղ լայնանում, մի տեղ բարակ առվի չափ նեղանում,— ու դարձյալ միանում իրար։

Կա ձմեռվա ճանապարհ, որ անցնում է արևկող տեղերով, վտակների ավազոտ հունով, կա գարնան ճանապարհ, կա այծի առապար, որ բանուկ է միայն մի ամիս, մինչև քարափի գլխին բուսած թփերի կանաչելը. և ինչ թեթևությամբ այծերը ժայռի ուղղաձիգ լանջով քայլում են, դունչը մեկնում մի ծաղկի, որ գլուխը կախել է անդունդի վրա։

Մանուկները գնում են միայն ծանոթ արահետով, որ տանում է դեպի բրուտի քարանձավները: Իսկ մնացած արահետները նրանց համար և՜ երկյուղալի են, և անծանոթ, որոնք ով գիտե, ինչ մութ ձորեր են մտնում. այ հենց այս մեկը, որ կեռմաններով իջնում է Հումբաթի ձորը, այնտեղ, ուր ապրում է լիսեմնը, գանգուր մազերով այն կենդանին, որ գայլի նման չորեքթաթ է գնում, իսկ ծիծաղում է, ինչպես մարդը։

Ջինջ ուրախությունը պատում է ինձ, երբ գրում եմ այս տողերը ժայռերի մեջ կորած երկու մանուկների, գանգուր մազերով լիսեմնի և բրուտների քարանձավի մասին, որ մյուս ժայռերից տարբերվում է մարդու ձեռքով փորած խոռոչներով, որի կիսամութում, ոտքը ժայռի վրա կախած բրուտը պտտեցնում է փայտյա «չարխ»-ի կլոր տախտակը և հողագույն բազուկներով լպրծուն կավից սարքում կուժ ու գավաթ։

Ես և իմ ընկեր Անդոն հաց ենք տանում նրա հոր՝ բրուտ Ավագի համար։ Գունավոր աղլուխի մեջ Անա զիզին փաթաթել է լավաշ, խորոված սիմինդր, սխտորով լոբի, մի քանի վարունգ և մի քիչ պանիր։

Բրուտի քարանձավը երկու մասից է՝ առաջինն ավելի ցածր, երկրորդը՝ բեմի չափ բարձր։ Առաջին մասում