Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«չարխն» է, ջրի կուժը և կավե ցեխը. երկրորդ մասում բերանն ի վայր շարված են դեռ չթրծած կժեր, կուլաներ, գավաթներ, դորակներ։ Քարանձավը դուռ չունի։ Դուրս գալուց բրուտ Ավագը մի քանի քար է դարսում իրար վրա, վերևն էլ դնում ցաքի փուշ, որպեսզի ինչպես ինքն էր ասում «քամին խաղար» և չորացներ ամանները։

Նրա արհեստանոցի կողքի ժայռի բնական ճեղքը հարմարեցված է ամաններ թրծելու համար։ Այդպիսի հորեր ունեն այն հինգ-վեց բրուտները, որոնց արհեստանոցի դռները մութ անցքերի նման երևում են շատ հեռվից։

Բրուտներն այդտեղ են հավաքվել, որովհետև մոտիկ կարմիր կավի հանք կա, բացի այդ, ժայռի մոտով ամառ ձմեռ անցնում է բազուկի հաստությամբ առվակ, որից առնում են և խմելու, և ցեխը կոխ տալու ջուր։

Հի՜ն, շատ հին են այդ արհեստանոցները։ Քանի սերունդ է աշխատել քարանձավի խոնավ կիսամթում և որդոց որդի ժառանգություն թողել կավը թրծելու արհեստը:

Տխրություն է պատում, երբ հիշում եմ ցնցոտիների մեջ պատած, ցեխոտ ոտքերով ու ձեռքերով այդ մարդկանց, որոնք օրն ի բուն քարերի մեջ, արևի լույսից զուրկ, կավի կույտերը կոկում էին, քերում, սեղմում բռունցքով, քրտինքը խառնում ցեխին, որ նրանց ոսկրացած մատների տակ ձև էր ստանում։

— Ա՜, արևնիդ կծեմ, եկա՜ք,— կանչում էր բրուտ Ավագը մեզ տեսնելիս.— Այ, ձեզ մատաղ, էս կողմը նստեք, էդտեղ փոս կա... էս ա, հա ... էս կուժն էլ պրծնեմ, վեր եմ կենալու.., Եգոր, հե՜յ , Եգո՜ր... — կանչում էր նա, և քարանձավը հազար բերան արձագանք էր տալիս, նույնիսկ թրծած կժերը մեղմ զրնգում էին։ Եգորը նրա հարևան բրուտն էր. ու կողքից լսվում էր Եգորի խուլ պատասխանը, կարծես գետնի տակից էր գալիս։