Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թնդանոթաձիգի համար։ Իսկ իրենք քաղաքի վերևով քշեցին դեպի կամուրջը։

Այս անգամ թնդանոթը խփեց ուղիղ քարափին։ Քարից կտորտանք թռավ դեպի ձիավորները։ Ներքևից լսվեց պայթյուն։

— Դրոշակը շարժիր,—գոռաց սպիտակ ձիավորը, նայեց ձորի կողմը։ Մուխի մեջ դեռ կանգուն էր կայանը։ Պայթյունը գետի մյուս ափին էր։

Ու ձիավորը ասպանդակեց փրփրած ձիուն դեպի քաղաքի հրապարակը, դեպի կամուրջը, որտեղով պիտի քաղաք մտներ կարմիր հեծելազորը։

Սպիտակ ձիավորը ճեղքեց ամայի հրապարակը։ Նրան թվաց, թե կանչեցին իրեն։

Այդ վայրկյանին պատշգամբից բացվեց գնդացիրը։ Կինը ճչաց.

— Վա՜յ, բալաս...

Ձիավորը թեքվեց մի կողմի վրա և կախվեց, ինչպես հնձած հասկ։ Փրփրած ձին խրտնեց ու սլացավ։ Հեծվորի ոտքը մնաց ասպանդակի մեջ։ Տաք մարմինը քարեքար, դիպչելով շաղ տվեց արյուն և ուղեղ։ Ճանապարհի վրա շնչահեղձ պառկել էր Անա զիզին և համբուրում էր արյան առաջին հետքը։

* * *

Այն կողմերում այժմ էլ գարնանը ամպ է նստում։ Մեր Գյունեյ թաղը կորչում է, ամպի միջից երևում է Ցից քարը։ Բայց երբ քաշվում է ամպը, երևում են քաղաքի կտուրները։ Ռուսաց «ժամի» տեղը կանաչ պարտեզ է։

Ձորը փոխվել է։

Այնտեղ սպիտակին են տալիս ժամի տաշած քարերը։ Նոր հիդրոկայանն է, լուսավոր և ընդարձակ։ Քարափից ներքև է իջնում լայն ճանապարհը։ Գարունը դպրոցի երեխաներին տանում են ձորը, և ուսուցիչը բացատրում է, թե ինչպես են աշխատում մեքենաները։