Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա վրա պառկել է կուրսանտը, մի համագումարի պատգամավոր, հետո երեք ամիս ընկած է եղել ձյունի և անձրևի տակ, մինչև ընկեր Լևոնի գալը։ Թեթև նորոգումից հետո նա անխռով իր վրա պահում է Լևոնի չորս փութը։

Գրքերի դարակը կարճ կվերջացներ՝ «ուռի էի և դարձա դարակ»։ Սեղանը կգանգատվեր իր մի կոտրած ոտքից և մլեկներից, որոնք ձմեռը քնում էին նրա ճաքճքած տախտակների արանքում, որպեսզի ամառն անհանգստություն պատճառեն կենվորին։ Մահճակալի տակ ընկած չեմոդանն ու կողովը միայն կարող էին պատմել արկածներով լի ճանապարհորդությունների մասին։

Վերջապես պատից կախած մաշված խալին կարող էր պարծանքով պատմել, որ իրեն հյուսել է Լևոնի մայրը, որ ծոր-ծոր քարափների գլխին թառած գյուղում, երբ իրեն փռում էին արևի տակ, և հավերը կոխոտում էին, մի երեխա չորեքթաթ սողում էր հավերի հետևից, և երբ հավերը հեռանում էին, երեխան աշխատում էր բռնել արևի շողերի մի խուրձ, որ պսպղում էր գորգի վարդերի և նուռների վրա։

Իսկ ծաղկամա՞նը...

Նա օտարական էր, անորոշ հանգամանքով ձեռք բերված: Փողոցում վիճակախաղ էր անապաստան երեխաների օգտին։ Լևոնը հանդիպեց Լուսիկի ընկերուհուն... Մոտեցավ հարցնի, թե ինչ լուր ունի Լուսիկից։ Իսկ աղջիկը, որ վիճակախաղի կազմակերպողներից էր, և՛ հաղորդեց լուրը, և՛ թևից քաշելով նրան մոտեցրեց սեղանին։

Հինգ տոմս միանգամից վերցրեց, երեքը փուչ էր, մեկին բաժին ընկավ ռետինե տիկնիկ, մյուսին՝ ծաղկամանը։ Տիկնիկը նա հենց տեղն ու տեղը նվիրեց մի փոքրիկ աղջկա, իսկ ծաղկամանը Լուսիկի ընկերուհին դրեց պայուսակը, խոստացավ ծաղիկներ բերել և ավելի մանրամասն պատմել Լուսիկի մասին։

Խոստացավ ու չեկավ։

Այստեղ հրացանը կորոտար և կփշրեր ծաղկամանը,