Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եթե նրա հետ կապված չլիներ մի ուրիշ անձնավորություն, որի հանդեպ սենյակի բոլոր իրերը, նույնիսկ կողովն ու չեմոդանը խորին երախտագիտություն էին տածում, որովհետև այդ անձնավորությունը ամեն օր սրբում էր փոշին, մաքրում, տեղափոխում, եթե արևը թեժացնում և անհանգստացնում էր նրանց։

Այդ Մաջիտա մայրիկն էր, որի մուտքը այդ սենյակը եղավ ծաղկամանը բերելու մյուս օրը: Ներս մտավ այդ պառավը, Վանա կապույտ փիսոն հետևից։ Կատվի ոտնաձայնն ավելի խիստ էր, քան Մաջիտա մայրիկը։

— Էսնա խորոտ ի,— ասաց պառավը և առանց թույլտվություն ստանալու ծաղկամանի մեջ խրեց դաշտի ծաղիկների մի փունջ։

Սենյակի տեսքը միանդամից փոխվեց։ Նույնիսկ լերկ պատերը զվարթացան, որովհետև արևը ծաղիկների և ծաղկամանի ստվերը քշում էր պատի վրա, կարծես գրքերի հետևը թաքնվել է մի կին և վեր բարձրացրել մերկ բազուկն ու ծաղկեփունջը։

Միայն մանկության գորգի վարդերը դժգոհեցին։ Թարմ և իսկական ծաղիկները խլում էին նրանց առաջնությունը։

4

Վանա փիսոն խռոված դուրս գնաց և նորից ներս մտավ Մաջիտա մայրիկի փեշից կախված թելի հետ խաղալով։

— Իկե՞ր ես, տղա... Չայ պիրեմ...

— Եթե տաք է...

— Տաք է... Խալիվոր նոր խմեց... Գինա դողցուց իմ խեղճ... իմ ճար ինչխ կելնի, Լևոն։

— Ես զանգահարել էի բժշկին, չեկա՞վ։

— Էկավ, աստծու լուս խասնի էնոր մեռելաց... Դեղ իտուր, էլմ էնի... լերդն է ասաց,— և ապա դառնալով կատվին,— քելի՛ փիսո, քելի՛, չայ պիրենք...