Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բլուրի վրայով ձգվում է շոսեն, նրանից ներքև քարակույտեր են, ապա այգիները։ Ձմեռը նապաստակները ցրտից և սովից նեղվելով հանդգնում են իջնել մինչև այգիները, կրծելով կաղամբի մոռացված թուփը, երիտասարդ ծիրանիների մաշկը, և ո՜վ գիտե, նրանցից ամենահամարձակը ձմեռվա գիշերին հասնում է այդ անվախճան փողոցին և շների հաչոցից սարսափած փախչում է դեպի առապարի որջը։

Այդ նկարը խավար է, որովհետև նրանք մութն ընկնելուց էին մտնում այդ փողոցը, որի բնակիչները արևի մայր մտնելու հետ փակում էին իրենց տների և պարտեզների փոքր դռնակները։ Փողոցը մինչև լուսաբաց մնում էր նրանց ու նման զույգերի, որոնք իրար չէին ճանաչում, զուսպ էին խոսում, երբ լսվում էր ոտնաձայն, և քաշվում էին այն խորշերը, որտեղ մութն ավելի թանձր էր, որովհետև ծիրանի ծաղկած ճյուղերը ծածկում էին լուսնյակն ու աստղերի լույսը։

Լսվում էր մի ոտնաձայն, Լուսիկը սեղմվում էր նրա թևին, շունչը պահում։ Անցորդը ուշ մնացած մարդ էր, որ շտապում էր փոքրիկ դռնակներից մեկը բախելու և կամ թե հարբած էր, գնում էր օրորալով, գնում էր՝ կամ հայհոյում, կամ տխուր երգ ասում:

Պատի տակով առուն էր, երեսը բաց, ջուրը սառը։ Սարերից էր գլորվում առուն, և նրա թափը դեռ չէին կոտրում բլուրի լանջի այգիները։ Գուցե թե ներքի տափարակում, բրնձի ու բամբակի դաշտերի մոտ նրա թափը կոտրվեր, աղմկոտ խոխոջը հանդարտվեր:

Նրանք նստում էին առվի եզրին, և երբ հանգչում էր զրույցը, նրանք լուռ ականջ էին դնում առվին։ Նայած թե ի՞նչ էին խոսել, Լուսիկն ի՞նչ էր ասել, Լևոնը նեղացել էր նրա վրա, թե երկուսն էլ ոգևորված խոսել էին սովորելու, աշխատանքի և ո՞վ գիտի էլ ինչ պայծառ նյութերի շուրջը։

Եթե նեղսրտում էին, թվում էր, թե առուն էլ էր չարացել... Երբ խոսք էր լինում Լևոնի Մոսկվա գնալու