Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կիմիկը եթե քնած էլ լինի, Լևոնի ձայնից կզարթնի, կկանչի մյուսներին, և կսկսեն կախվելը, քաշվելը, աղմկելը։ Կսկսվի, ինչ Ասաքը ծիծաղելով անվանում է «ղարաչու բազար»։

Լևոնը ժպտաց, որովհետև հիշեց, թե ինչպիսի անուններով է կանչում նա իր երեխաներին. «Արի՞ համագումար, արի...» ...«իմ պատասխանը Չեմբերլինին»... իր միակ աղջկանը նա կանչում է «Չերվոնեց», որովհետև աղջիկը ծնվել է չերվոնեցի երևալու առաջին տարին։

Այդ աղմուկի մեջ Ասաքը կարողանում է աշխատել, երեխաները թռչկոտում են, բարձրանում նրա վրա, քաշքշում, իսկ նա գլուխը պատի կողմը դարձրած կարդում է: Երբ շատ են աղմկում, վեր է կենում դուռը բաց անում և բոլորին քշում բակը։ Քշում՝ ինչպես հավերը։

Կենսուրախ է Ասաքը. այդ կենսուրախության մեջ չի կորել նրա երբեմնի լրջությունը։ Կես հանաքով, կես լուրջ նա գանգատվում է, որ «փորի մակարդակը նորից է բարձրացել», բայց հանաքից հետո խոսքը դարձնում է առօրյային, կուսակցական ներքին կյանքին, քաղաքական խնդիրներին կամ դատողություններ է անում կարդացածի մասին:

Եվ հին «ուրբաթախոսը» հառնում է Լևոնի առաջ...

Ահա սարալանջը... հրաբխային ավազ է։ Դժվար է բարձրանալ, որովհետև ավազը սահում է, ոտքերը կարծր գետնին չեն հասնում։ Բայց նա ոտքի էլ չի կարողանում կանգնել։ Նրա մի ոտքը ծանրացել է... ներքևը տաք է։ Լևոնը չի նայում, որովհետև գիտի, որ արյուն է:

Մեկը նրան վեր է քաշում: Գրկել է մեջքից և բարձրացնում: Բարձրացնում է և ամեն րոպե դժվար շնչելով ասում. — Հրես հա՜... Հրես հա... Շուռ եկանք սարի քամակը։

Ներքևը այգիների կողմից անկարգ կրակոցներ են։ Միայն մի գնդացիր շարում է գնդակները լեռան լանջին... Լևոնը հիշում է, որ լուսաբացին ապստամբությունը