Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/530

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Շրջաբերական են ուղարկում, ալարում են, թե կարգին գրեն տեղը,— նախատեց Արտաշը:

Երիտասարդները Ախտայի շրջանի գյուղերից մեկի կոմերիտականներն էին։ Տարիներ շարունակ նրանց գյուղի ներքևն ընկած էր եղել այդ հնադարյան ձևի կատոկը, որի չորս կողմը գարնանը խոտ էր կանաչում, և հովիվի շները շոգից նեղվելով պահվում էին ներսը:

Ընկած էր եղել, ժանգոտվել էր, ծանրությունից մի քիչ թաղվել հողի մեջ։ Կոմերիտականները մեծ դժվարությամբ հանել էին, դրել գերանների վրա և նույնպիսի դժվարությամբ, ցեխ կոխոտելով, հրելով գոմեշները, կանչելով, աղմկելով իջեցրել էին քաղաք:

— Արտաշ, տեղն իմացա՞ր,— կանչեց նույն ձայնը։

Մթնից կանչողը ծիծաղեց: Նա ինչ-որ բան ասաց, բայց չլսվեց:

— Բաց կլինի՞ էնտեղ...

— Տո դե սպասի, է՜,— ընդհատեց Արտաշը, որ ոգևորությամբ պատմում էր կրած դժվարությունները։

— Հարյուր փութ կլինի...— և երեսը դարձրեց դեպի հետ։

— Երկու հարյուր չես ասում...— վրա երեց մի ուրիշը։

Գոմեշների շնչառությունը հանդարտվում էր։ Հոգնած կենդանիները ոտները փոխնեփոխ բարձրացնում էին։ Նրանք մինչև կուրծքը ցեխի մեջ էին։ Կարծես ճեղքել էին ցեխի հեղեղը:

Արտաշն էլ էր ցեխոտված: Այտի վրա պարզ երևում էր ցեխի չորացած շիթը:

— Իմացա, բայց պարզ չի...

— Դե հա՛... Գոմեշները սառան...

Այդ կանչին բոլորը շարժվեցին: Ոմանք բարձրացրին մտրակները գոմեշների վրա, ոմանք վազեցին` անիվներ հրելու...

— Դես հա, դեսը...