Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/610

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարբեր են թե՛ իրարից, թե՛ հիշյալ վեց բնագրերից, որ ըստ երևույթին, նշանակում է, թե մեքենագրված են տարբեր ժամանակ և տարբեր առիթներով։

Ձեռագիր բնագրերից միևնույն թղթի վրա և նույն թանաքով են գրված «Ալպիական մանուշակը» և «Լառ-Մարգարը», որ հավանաբար նույնպես նշանակում է, թե դրանք հեղինակը միևնույն Ժամանակ է արտագրել։ «Այու սարի լանջին» և «Մինա Բիբին» պատմվածքների թուղթն ու թանաքն էլ նույնն են, բայց տարբեր են նախորդներից, որ ենթադրել է տալիս, թե դրանք արտագրված են նախորդներից տարբեր ժամանակ, բայց միմյանց հետ մոտավորապես նույն ժամանակամիջոցում։ Մյուս ձեռագրերը նույնպես թղթով ու թանաքով տարբերվում են իրարից և վերոհիշյալներից։

Այսպիսով, պարզվում է, որ «Մթնաձոր» ժողովածուի տպարանային բնագրերից առնվազն ինը հեղինակը նախապես այղ ժողովածուի համար չէ, որ պատրաստել է, այլ մեքենագրել ու արտագրել է և կամ լրագրերից հանել (իբրև կտրոն) տարբեր ժամանակ, տարբեր առիթներով և ժողովածուն հրատարակության հանձնելու կապակցությամբ պարզապես օգտագործել իբրև հրատարակության բնագրեր։ Մյուս ինը բնագրերը, ըստ երևույթին, հատկապես «Մթնաձորը» ժողովածուի համար են պատրաստվել, դրանք են՝ վերոհիշյալ պատմվածքները (միաժամանակ մեքենագրված), ինչպես և «Մթնաձոր» պատմվածքի մեքենագիրը և «Ալպիական մանուշակ» ու «Լառ֊Մարգար» պատմվածքների ձեռագրերը։

Առաջին ինը բնագրերից մի քանիսը (օրինակ, «Խոնարհ աղջիկը», «Սաբուն») ըստ երևույթին, ժամանակին Բակունցը հանձնած է եղել պարբերականների խմբագրություններին և հրապարակվելուց հետո ետ է վերցրել։

Բնագրերից յուրաքանչյուրը, բացի երկուսից («Վանդունց Բադին» և «Այու սարի լանջին») ունի իր առանձին էջակալումը։ Կա նաև ամբողջական ժողովածուի ընդհանուր էջակալում, որը մինչև 143-րդ էջը գրված է կապույտ մատիտով, հետո՝ թանաքով (բոլորը հեղինակի ձեռքով)։ Ընդհանուր էջակալումից դուրս է մնացել միայն «Մթնաձոր» պատմվածքի մեքենագիրը։

Այդ ընդհանուր էջակալման շնորհիվ հնարավոր եղավ որոշել Բակունցի պատմվածքների անդրանիկ ժողովածուի նախնական կազմը և նյութերի նախնական դասավորությունը։

Բնագրերից մի քանիսի վրա ընդհանուր էջակալման համարները փոխված են՝ ջնջված են նախկին թվերը և գրված նորերը։ Դա, ակներևաբար, նշան է այն բանի, որ հեղինակը ընդհանուր էջակալումից հետո փոփոխություններ է կատարել նյութերի դասավորության մեջ։ Օրինակ,«Այու սարի լանջին» պատմվածքի էջերը ունեն 25—42 համարները, որոնք ջնջված են և փոխարինված 34 —51 համարներով: 1 — 24 էջահամարներն ունի «Վանդունց Բադին», որ նշանակում է, թե եղել է ժողովածուի աոաջին պատմվածքը: Երկրորդը եղեք է «Այու սարի լանջինը»՝ 25 — 42, երրորդը՝ «Զորբան», որի լրագրային կտրոնը նախապես ունեցել է 43 էջահամարը, բայց ջնջվել է և փոխարինվել 25-ով. սա էլ նշանակում է, թե «Զորբան» պատմվածքը երրորդ տեղից հանվել, դրվել է երկրորդ տեղում։