Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/634

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջում հեղինակի ձեռքով գրված է թվական՝ 3.1.25 թ., որի վրա կապույտ մատիտով գիծ է քաշված (որ չշարվի):

Թվականը նշում է պատմվածքը գրելու (հավանաբար ավարտելու) օրը: 1925 թ. Բակունցը բնակվել է Գորիսում, պատմվածքը գրել է հայրենի քաղաքում և փոստով ուղարկել Թփղիս տպագրության: Որ թվականին է գրված (արտագրված) տպարանային ձեռագիրը, դժվար է ասել։ Նրա թուղթը, թանաքի գույնը նույնն են, ինչ «Այու սարի լանջին» պատմվածքի տպարանային ձեռագրինը (տե՛ս համապատասխան ծանոթագրությունը)։


«ԽԱՂԼԱՑԱՎ»

(էջ 107)

Բնագրային աղբյուրներ՝ ԽՀ 1925, 19 նոյ., № 263, ՄԺ:

Տպագրվում է ըստ ՄԺ-ի բնագրի:


Առաջին անգամ հրապարակվել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, 1925 թ. նոյեմբերի 19-ին, ապա՝ 1927 թ. «Մթնաձոր» ժողովածուի մեջ, 1955-ին՝ Երկերի միհատորյակում, 1964-ին՝ Երկերի առաջին հատորում։

«Մթնաձոր» ժողովածուի համար իբրև տպարանային բնագիր է ծառայել լրագրային կտրոնը, որի վրա կան հեղինակի ձեռքով մուգ-մանուշակագույն թանաքով արված խմբագրումներ։ Կապույտ մատիտով գրված է ընդհանուր էջակալման թիվը. նախ՝ 94, որ ջնջված է, փոխարինված՝ 10-ով։


ԶՈՐԲԱՆ

(էջ 43)

Բնագրային աղբյուրներ՝ Մ1925, 3 հոկ., № 227, ՄԺ:

Տպագրվում է ըստ ՄԺ-ի բնագրի:


Առաջին անգամ հրապարակվել է «Մարտակոչում» 1925 թ. հոկտեմբերի 3-ին, ապա Հ. Սուրխաթյանի կազմած «Հայ գրականություն։ Արևելահայ» ժողովածուի մեջ (Երևան, 1926)։ Այնուհետև, 1927 թ. տեղ է գտել «Մթնաձոր» ժողովածվում: 1933 թ. կրճատ տպագրվել է «Հայոց լեզվի դասագրքում» (Դ տարի)։ 1955 թ. տեղ է գտել Երկերի միհատորյակի մեջ, 1964-ին՝ Երկերի առաջին հատորում։

«Մթնաձորի» մեջ պատմվածքը շարվել է «Մարտակոչից» հանված լրագրային կտրոնից։ Վրան կապույտ մատիտով գրված է էջահամար, նախ՝ 43, որ ջնջված և փոխարինված է 25-ով։


Էջ 119, տող 30—էջ 120, տող 4. Արևելյան առակ, որի մի տարբերակն օգտագործել է Լ. Տոլստոյն իր հայտնի «Ինչքան հող է պետք մարդուն» երկի մեջ: