Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/643

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

24 տող: Մեքենագրությունը մուգ-մանուշակագույն է, վրան կարմիր թանաքով հեղինակի ուղղումները: Թուղթը սպիտակ, փայլուն, քիչ խունացած: Էջերի վերին կենտրոնական մասում մեքենագրված են էջահամարներ՝ 1—9, ապա դրված է ընդհանուր էջակալում մանուշակագույն թանաքով՝ 169—177։ Վերջում թվագրություն չկա։

«Սաբու» պատմվածքի մեքենագիր օրինակի թուղթը և մեքենագրությունը նման չեն «Մթնաձոր» ժողովածուի բնագրերից ոչ մեկին։ Այս հանգամանքը առանձին էջակալման առկայության հետ միասին վկայում են, որ պատմվածքի այս մեքենագիրը նախապես «Մթնաձորի» համար չէ պատրաստված եղել, այլ, ժողովածուի ամբողջական բնագիրը կազմելիս, հեղինակը նրա մեջ է դրել այլ նպատակով կատարված այդ մեքենագրությունը։

Պատմվածքի՝ «Մթնաձոր» ժողովածուի մեջ տեղ գտած տարբերակը այս հատորում գրված է Այլ խմբագրումներ բաժնում։ Բնագրային տարբերություններ բաժնում բերված են այդ խմբագրման և «Խորհրդային Հայաստանում» տպագրված օրինակի տարբերությունները։

Ըստ «Անձրևը» ժողովածուի, պատմվածքը գրվել է 1926 թվականին (պատմվածքի վերջում գրված է՝ 26)։ Ավելի հավանական է, որ այն գրված լինի այդ թվականի սկզբներին, երբ հեղինակը դեռևս Գորիսում էր բնակվում: Պատմվածքը գրելու ազդակ է հանդիսացել Ա. Բակունցի, իբրև գյուղատնտեսի այցը Բիչանագ ադրբեջանական գյուղը (այժմ՝ Նախիջևանի ԱՍՍՀ-ում) 1925 թ. գարնան վերջերին։ Այդ ուղևորությունից հետո Բակունցը Թփղիս՝ «Մարտակոչ» օրաթերթին է ուղարկել իր «Բիչանագ» ակնարկը, որը և տպագրվել է թերթի 1925 թ. հունիսի 10-ի համարում (№ 130)։ Ակնարկը գրված է զգացմունքով. նկատվում է, որ անտառների մեջ ծվարած ադրբեջանական խուլ գյուղակում երիտասարդ գյուղատնտեսի վրա ազդել են դեռատի աղջիկների և ծեր տղամարդկանց՝ գլխավորապես սեյիդների, ամուսնության փաստերը։ Ակնարկը տպագրելուց հետո այս նույն հարցը հեղինակը դարձրել է նաև պատմվածքի նյութ. այդպես երևան է եկել «Սաբուն»։ Պատմվածքում հեղինակը շեղումներ է թույլ տվել փաստականի համեմատ, բայց և դժվար չէ նկատել ընդհանրությունները ակնարկի և պատմվածքի միջև։

«Բիչանագում» կա ծերունի Սեյիդ, որ բացի ծերացած կնոջից ունի նաև մի մանկամարդ կին: Միաժամանակ նույն Սեյիդն ունի դուստր, որը գրեթե նրա մանկամարդ կնոջ հասակակիցն է: Սեյիդի դուստրը կարպետ է գործում՝ իր օժիտը: Շուտով նրան Էլ պետք է ամուսնացնեն մի ծերունու հետ. «...բակում՝ դիմացի սենյակից լսեցինք կուփիչի հավասար զարկերի ձայն: Սենյակի ներսում, գերանների վրա կարպետի հենք էր ամրացված, որի դիմաց նստել էր մի աղջիկ։ Նա նուրբ ու բարակ մատներով գույնզգույն թելեր էր հագցնում հինածին և կարպետ գործում։

Մեզ որ տեսավ, գլուխը կախեց, գլխի շալն ավելի քաշեց, որ երեսը չտեսնենք: Լղարիկ, բարակիրան մի աղջիկ է։

— Սեյիդի աղջիկն է, մայրը հերու մեռավ,— ականջիս փսփսաց Աբոն։