Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/651

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Համբարձում Բեյը, որը Գորիսում ցարական աստիճանավոր էր, և գյուղի քյոխվա Առստամը:

Եգորը միառժամանակ ապրում է Գորիսի շրջակայքի լեռներում։ Նրա համար կեղծ անձնագիր են ձեռք բերում, որով և նա Երիշենից փախչում է Շուշի, ապա Բաքու, Աշխաբադ, այստեղից էլ անցնում Է Պարսկաստան, ուր ամուսնանում է Թագուհի Ստեփանյան անունով մի կնոջ հետ և ապրում Պարսկաստանի Ռաշտ, ապա էնզելի քաղաքներում։

Եգորի փախուստի լուրը զայրացնում է Գորիսի պաշտոնավորներին։ Ուրյաղնիկը Համբարձում բեյի, քյոխվա Առստամի հետ, ստրաժնիկների ուղեկցությամբ գնում են Երիշեն, խուզարկում Հարությունի տունը, վերջինից պահանջում, որ նա ասի որդու տեղը։ Հարությունին ծեծում են։

Հարությունը թագավորին նամակ է գրում՝ խնդրելով ներել որդուն։ Նամակի պատասխանը գալիս է գավառապետի հասցեով։ Վերջինից պահանջվում էր պարզել թիապարտ Եգորի գտնվելու վայրը։ Հարությունին նորից են ծեծում, նորից խուզարկություն է կատարվում նրա տանը, գտնում են Եգորի երկու նամակը։ Ի վերջո, Եգորը ինքն է նամակ գրում իշխանություններին, հայտնում իր տեղը, որից հետո նրա հորը հանգիստ են թողնում։

1903 թ. Հարությունը կարողանում է գնալ Պարսկաստան, որտեղ տեսնվում է որդու հետ։ 1906֊ին Եգորը կարճ ժամանակով լինում է Երիշենում, ապա մեկնում է Միջին Ասիա, ապրում Անդիջան քաղաքում, իսկ 1916 թ. վերջնականապես հաստատվում է Գորիսում։ Կնոջ՝ Թագուհու մահից հետո երկրորդ անգամ ամուսնացել է Գայանե անունով մի գորիսեցի կնոջ հետ։ Մահացել է 1934-ին։

Ահա այս Եգորն է դարձել թե՛ Բակունցի ստեղծագործության և թե ժողովրդական պատումների հերոս։ Կարեյի է ասել, որ Բակունցի պատմվածքն էլ Եգորի մասին հյուսված պատումների մի տարբերակն է, զուտ բակունցյան տարբերակ և ամենաուժեղն ու իմաստալիցը։ Բակունցյան պատումի ամենակարևոր հատկանիշն այն է, որ այդտեղ գլխավոր հերոսը ոչ թե Եգորն է, այլ Արթին պապը։ Մինչդեռ Երիշենում այսօր էլ Եգորի պատմությունն անելիս Արթին պապին երրորդական տեղ են հատկացնում, միայն մեկ, թե երկու անգամ հիշատակում նրա անունը․ ուշադրության կենտրոնում Եգորն է իր փախստականի կյանքով, հետաքրքրաշարժ արկածներով, հերոսություններով։ Բակունցի երկում Եգորի ամբողջ պատմությունը մի պատրվակի, առիթի դեր է կատարում հայ նահապետական գեղջուկի՝ Արթին պապի կերպարը բացահայտելու համար։

Պատմվածքը շարադրված է առաջին դեմքով՝ Արթին պապի թոռան անունից, որ նույնպես իրողության ճշգրիտ պահպանումն է, քանի որ իրական հեղինակն իրոք Արթինի թոռն է։

«Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքում նույնությամբ պահպանված են բոլոր նախակերպարների անունները։ Ընդ որում, պապի՝ Արթինի, տատի՝ Ղազուի՝ և քեռու՝ Եգորի անունները թողնելով անփոփոխ, Բակունցը պատմվածքի