Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասաց, ձեռքերն օդում ճոճելով, զայրացած մի քանի անգամ կրկնեց «արնախումներ, գիշատիչներ», Միրում շատերն այնպես հասկացան, թե այդ բառերը վերի գյուղին են ուղղված։ Ճառից հետո եկվորին շրջապատեցին գյուղացիք, և առաջին հարցը Ծիրանի տափի մասին եղավ, պատասխանը՝ թե «հողն աշխատավորին» – ավելի երկմիտ դարձրեց Միրի բնակիչներին։ Ագիտատորի գնալուց հետո գյուղում ոմանք նրա պատասխանը հօգուտ Մրոցի էին մեկնաբանում։

Նույն ճառը կրկնվեց և Մրոցում։ Այնտեղ էլ ժողովուրդը խլշած ականջներով լսեց նրան, և երբ ագիտատորը հողահավասարման անունը տվեց, բազմությունը 10 շարժվեց, թեև մարդիկ կային, որոնց մտքերը հեռու էին, ցնցվեցին, մոտեցան խոսողին։ Շատ մարդ էր լսում նրան, և այդ րոպեին Մրոցում ոչ մի ուղեղ չկար, որի ծալքերում Ծիրանի տափի պատմությունը չդառնար շվաքի պես։ Լսելուց հետո շատերը խոսեցին Ծիրանի տափի մասին։

Կես գիշերին Մրոցում մի քանի մարդիկ խոսում էին կտուրի վրա, որի տակ քուրսու վրա քնել էր ագիտատորը։

– Հը՞, ի՞նչ անենք...

– Չի վերցնի, հերսոտ ա...

– Բա էդպես գնա՞, ախր լավ չի լինի...

Առավոտյան, երբ քաղաքից եկած ընկերը ձին նստեց ուրիշ գյուղ գնալու, 20 նրան բարի ճանապարհ ասացին, մոտեցան ձեռք տվին։ Երբ մոտեցավ և նա, որ կես գիշերին կտուրի վրա խոսելիս ասել էր, թե «լավ չի լինի, թե էդպես գնա», և ուզեց աջը մեկնի և բարևելիս ձիավորի բռան մեջ դնի այն, ինչ պինդ սեղմել էր ձեռքում, աջը մեկնելիս աչքը ընկավ ձիավորի աչքին, և կիսով չափ մեկնած ձեռքը երկյուղից ետ եկավ ընկավ փափախի վրա, բռի մեջ՝ դրամ։ Ձիավորին ճանապարհելիս նա փափախը հանեց։ Նույն օրը կտուրի վրա խոսողները շատ հանդիմանեցին նրան, իսկ նա ուսերն էր քաշում և ասում.