Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Կարացի ոչ, աչքերը հերսոտ էր...

Մի գարուն էլ շուռ տվեց, և այդ գարնանը քաղաքից հողաչափ եկավ երկու գյուղի սահմանները որոշելու։ Հողաչափը դեռ գյուղ չեկած՝ երկու գյուղումն էլ գիտեին նրա մասին այնքան տեղեկություն, կարծես այդ մարդը տարիներ էր ապրել նրանց հետ։ Մինչև նրա գալը երկու գյուղումն էլ նրա մասին էին խոսում։

– Ասում են շատ խղճով ա։

– Խմիչքեղենից հեռու չի...

– Որ հերսոտեց, էլ պրծնում չկա, գործը կքանդի...

10 – Աչքի մինն էլ մի թեթև շաշ ա...

Հողաչափի գալուց հետո խոսքն ու զրույցն ավելի շատացավ։ Դեռ Միրին չհասած, վերին գյուղից ձիավորներ էին եկել նրան իրենց մոտ տանելու։ Եվ որովհետև նա «խմիչքեղենից հեռու չէր», վերի գյուղը գնաց, որի մասին լսել էր քաղաքում։ Առաջին հաղթանակը թև տվեց Մրոցին, ջուր մաղեց Միրի գլխին։ Ծիրանի տափի բախտը կիսով չափ որոշված համարեցին։

Հողաչափը շաբաթից ավելի մնաց, երկու գյուղում էլ կերավ ձու, կարագ, մեղր, քնեց մաքուր տեղաշորում, շատ անգամ էլ լսեց խանի և զուռնով բերած հարսի պատմությունը, Մրոցի ազդեցիկ մարդկանց խոսքը, որ իրենք Ծիրանի տափի պլանն ունեն։

20 Հողաչափը վերադարձավ։ Ճամփին նրա ձիու սանձից բռնում էին։ Երբ բռնողը Մրոցից էր, Ծիրանի տափն իրենց գյուղի համար էր խնդրում, իսկ եթե Միրից էր՝ Միրի համար։