Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՂՈԹՔ

Միայն Քեզ, Տե՛ր, միայն Քեզ եմ աղոթում։

Ընդունիր Տեր, իմ աղոթքը-սրտիս խորքերից բխած, թող քեզ հաճելի լինեն իմ տանջված հոգու մրմունջները, և աղերսանքս մի՛ մերժիր, Տե՛ր։ Այս ուշ գիշերին, այս խավար գիշերին, երբ հոգիներն են զրուցում աստղերի հետ, և հազարավոր մարդիկ աղոթք են կարդում Քեզ, այս մութ գիշերին մի մերժիր հոգնած ու մոլար մարդու աղերսը։

Իմ միակ ապավենն ես Դու, Տե՛ր, և հույս ու հանգրվանս։ Քեզնից հզոր ու կարող չկա երկրում, Քո արդարությունը միակն է, Տեր, ինչպես վրեժդ։ Հազարավոր կարոտյալների ու տանջվածների հոգուց եմ խոսում Քեզ հետ, և նրանց հոգուց,-որոնք աղոթել չգիտեն, աղոթքի են պապակ։

Տե՛ր հզոր ես և կարող…։

Հեռացրու տանջանքն այս ահավոր, զրկանքները բյուրավոր, էլ թող արցունքներ չհոսեն, թող հևոց չլինի, թող հրդեհ չլինի։ Տե՜ր, թռչունները բնակորույս են, այգիներն ամայի են, և շեները ավերակ, մարդ չկա՝ վարդի հոտով զմայլվող, Տե՛ր, ծուխ է ամենուր, տաճարներիդ գմբեթները հողի հետ են հավասարվում, Քո տները ավերվում են։ Մոխիրը շատ է, արյունով հագեցավ երկիրը։

Հեռացրու՛, հեռացրու, հեռացրու…

Խաղաղություն տու՛ր երկրին, թող ծաղիկները բույր տան, թող առաջվա պես առուները կարկաչեն, և աստեղազարդ երկնքի տակ մարդիկ գովքդ մրմնջան, աղոթեն Քեզ։

Ամայի դաշտերում գայլերն են ոռնում, մենավոր շիրիմներն են աղերսում Քեզ։ Տե՛ր, անթաղ մեռելները Քեզնից