Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է պահում, առաջվա պես գյուղում ինքնիշխան չի, րայց էլի հին շարժ ու ձևը չի մոռացել։

Եթե մի մարդ է գալիս գյուղում ժողով անելու, նա խեղճ է ձևանում։ Տուրքն իջեցնելու համար շրջգործկոմին դիմում է տալիս, հնամաշ չուխա է հագնում,— բայց գյուղի երեխեքն էլ գիտեն, որ Զաքու սնդուկներում պահած բան շատ կա, նրա տավարը մի քանի տուն կպահի։

Ամարին Ջավահիրը — սրա-նրա տան հաց թխող, լվացքին օգնող մի այրի կին, որին Զաքու կինը միշտ կանչում է ու մի փոր հացով ամբողջ օրն աշխատացնում,— Ամարին Ջավոն շատ լավ գիտի Արաբաջու խալու և կարպետի հաշիվը։

— Կռներս կոտրատվեցին նրա խալիքը լվանալով,— ասում է նա հարևան կանանց։

***

Ջավոյի տղան՝ Օվիսը, Արաբաջու տանը նոքար էր։ Ջավոն շատ աղաչեց Զաքուն, որ Օվիսին վերցնի։

— Չի լինի,— ասում էր Զաքին,— քո տղան շատ ա կապը կտրած։ Իմ նոքարը պիտի խոնարհ լինի։ Ա՜յ, տես Օրուջը, հալալ ծիծ կերած ա...

Օրուջը նրա թուրք նոքարն Հր։ Եվ այդ ասելով նա կանչեց.

— Օ՜րուջ...

— Համմե, աղա,— պատասխանեց Օրուջն ու ծլունգ, կանգնեց նրա առաջ ամաչկոտ հարսի պես։

— Գոմը լավ սրբի՛ր,— ասաց Ջաքին, հենց այնպես, մի հրաման տված լինելու համար։ Օրուջը գլուխը կախ հեռացավ, ցախավելը վերցրեց և գնաց սրբած գոմը մեկ էլ ավլելու։

Գործին միջամտեց և Զաքու կինը։ նա էլ խնդրեց.

— Հաց չունեն ուտելու, դե ո՞նց անեն,— ասաց նա այն ժամանակ, երբ ամուսինը մեղմացել էր, չարություն չկար սրտում։

Զաքու կինը վաղուց էր նկատել, որ ամուսինը խաղաղ և զիջող է այն ժամանակ, երբ շաքար է ջարդում իր ձեռքով և մանր կտորներ անելով տալիս է նոքարին կամ երբ չոր հաց է փրթում յուղոտ ապուրի մեջ և հինգ մատով իր փրթոշը խառնում։ Այդպիսի մի օր էլ նա իր համաձայնությունը տվեց։