Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լավ դուրս չեկավ... Տառերը խառնվում էին իրար, շաղվում։ Թուղթը շուռ տվավ մյուս երեսի վրա…

Ու մի օր էլ Աննան գնաց, Փառանձեմին անկողնում պառկած տեսավ։ Գնացել էր կորեկ քաղելու, թռել էր առվի վրայով, ճմացել էր ոտքը, թաթի խաղը դուրս էր ընկել։ Մինչև իրիկուն աշխատել էր արտում, երեկոյան կաղալով տուն էր եկել։ Մյուս օրն անկողնուց վեր չէր կացել։

Փառանձեմը Աննային երբ տեսավ, ասես սիրտը բացվեց։ Վերմակի մի տուտը բարձրացրեց։ Աննան թեք ընկավ նրա կողքին։ Մի կին տաք մոխիր էր լցնում պարկերի մեջ և շուտ–շուտ մոխրով լի պարկերը դնում Փառանձեմի ուռած ոտքի վրա։ Քույրը ցավից տնքում էր, կինը սիրտ էր տալիս։

Այդ օրը մայրն էլ եկավ։ Աննան անչափ ուրախ էր։ Նրան թվում էր, թե ուրիշի տանը չեն, այլ իրենց, Փառանձեմը սուտ է պառկել, ոտքը չի էլ ցավում։ Այնպես էր ուզում գլորվել ու խաղալ նրա վերմակի վրա, ինչպես առաջ, երբ միատեղ էին քնում։

Մյուս օրը Մարանենց Մինան եկավ։ Սպասում էին դալլաք Սիմոնին։ Փառանձեմը մաշվել, դեղնել էր։ Գիշերը քունը չէր տարել։ Երբեմն տնքում էր, բայց և ոչ մի խոսք չէր ասում։ Դալլաք Սիմոնն եկավ. վերմակը վեր քաշեցին, և Աննան տե- սավ քրոջ ուռած ու սպիտակ ոտքը։ Իրեն դուրս տարան։

Բակում ուրիշ երեխաներ էին խաղում։ Աննան կանգնել էր ու նայում էր նրանց, երբ հանկարծ ականջովն ընկավ քրոջ ճիչը։ Վազեց դեպի դուռը, հրեց, դուռը ներսից փակել էին։ Փառանձեմը ցավից ծկլթում էր, բարձր կանչում։ Աննան դռան մոտ լաց էր լինում, ուսով դուռը հրում, բռունցքներով զարկում։ Ներսից ոտնաձայն էր լսվում, գնում էին, գալիս, ամանների շրխկոցի ձայն էր լսվում։

Դուռը հանկարծ բացվեց։ Մի կին արնով լի տաշտը դուրս էր տանում։ Աննան ներս վազելիս, կպավ տաշտին, քիչ մնաց տաշտն ընկներ կնոջ ձեռքից։

Փառանձեմն աչքերը բաց ու խուփ էր անում։ Սպիտակել էր երեսը, շրթունքները կապտել էին։ Աննան զարմացավ, թե ինչու Փառանձեմը նայում է ու իրեն ոչինչ չի ասում, չի կանչում՝ կողքին նստեցնում։ Դալլաք Սիմոնը արնոտ ածելին