Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանգ առավ, լսողությունը չարեց հաչոցի կողմը։ Գուցե գյուղ է, բայց ինչու Անտոնը ոչինչ չասաց։ Այդ մտքին հաջորդեց մի ուրիշը, աղվեսն էլ շան նման է հաչում։ Հանկարծ շատ մոտ լսեց հաչոցի ձայն, երկու ստվեր կլանչեցին և մինչև Տիտոսը կկռանար քար վերցնելու, ձախ ազդրի փափուկ մսի մեջ զգաց սուր ծակոց. վայր ընկավ ու ցավից բարձր ճչաց։

Շներր հետ փախան, տասը քայլի վրա նստեցին խոպ մռռոցով։ Տիտոսի կանչին ամպի միջից երևաց հովիվը, թաղիքե վերարկուն ուսին։ Նրան թվաց, թե հովիվը երկնքից իջավ։ Շներր վնգստոցով հեռացան, հովիվը մոտեցավ Տիտոսին, ոտքի վերքին նայեց։

— Բան չկա, հիմա արյունը կկտրվի,— ասաց նա։

Տիտոսը վախից գունատվել էր։ Ոտքի կանգնեց և նոր միայն զգաց, որ ձախ ազդրը ցավում է, ասես մեկը եղինջի փշերով ծակծկել էր փափուկ միսը։

Հովիվը թաղիքից մի քիչ բուրդ հանեց, փաթաթեց վերքին: Եվ երբ Տիտոսը կարողացավ մի քանի քայլ անել, մարդը հարցրեց.

— Բա ո՞ւր էդպես մենակ...

— Մենակ չեմ, ընկերներս հրես հետևիցս գալիս են,— ասաց Տիտոսը, աչքի տակով նայեց հովվին, ստուգելու՝ արդյոք հավատա՞ց նա։ Հետո նրան հարցրեց, թե ուր է տանում ճանապարհը, հեռո՞ւ է կոտրած քարվանսարան։

— Դեռ օր շատ կա, արևը մայր չմտած կհասնես։ Հենց էդպես վեր արի...— ասաց հովիվը, մի քիչ էլ կանգնեց, մինչև Տիտոսը ձախ ոտից կաղալով կորավ ամպի մեջ։ Հետո փաթաթվեց վերարկուում, սուլոցով բարձրացավ ոչխարի մոտ։

Տիտոսը քանի իջնում էր, ամպն այնքան էլ նոսրանում էր։ Սարի քամին ծվեն-ծվեն էր անում ամպի դեզերը, քշում ներքև, ուր ամպի մանրիկ քուլաները հալվում էին, կորչում։

Մի քիչ հետո ամպի միջից երևաց արևը։ Դիմացը չոր, ցամաք ժայռեր էին, կարմիր ու գորշ քարեր, որոնց վրա անկարգ բուսել էին կարճլիկ մացառներ։ Ձորակները շատ հեռվում հալվում էին, աստիճանաբար ցածրանում և ձուլվում տափաստանի հետ։

Տափաստանը Տիտոսի աչքին անծայր թվաց։ Հեռվում