Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կոտրած քարվանսարքից մի ուղիղ ճանապարհ է, մի օր կգնաս, կքնես, մյուս օրը կհասնես վագոնին...

Ճանապարհն ուղիղ էր, սակայն այդ ճանապարհի վրա այնքան խութ ու խոռոչ կար, օրերն այնպես փորձանքներ էին պահել և այնքան արկածներ։ Առաջ ի՜նչ հանդարտ էին հոսում օրերը, որպես պաղ առու կանաչ խոտերի մեջ, և ինչպես պղտոր էր ձորի գետը, ջուրը դառնահամ։

Լուսաստղը չէր ծագել, երբ ծերունին տեղում նստեց, հորանջեց և ձայն տվեց ընկերներին։ Տիտոսն իսկույն վեր կացավ, պայուսակը թափ տվավ։

– Ականջդ ինչքան թեթև է,— ասաց ծերունին Տիտոսին։

— Ես կանուխ էի զարթնել,— ասաց նա և դուրս եկավ իջևանից։

Աչքերն ուռած կաղլիկը, մեջքը քորելով մոտեցավ իշապաններից քնելու փողն ուզելու։ Տիտոսը ճիշտ նրա աչքամիջին նայեց, մահակը սեղմեց բռունցքի մեջ։ «Ինշալլահը» տեսավ այդ և չմոտեցավ։

— Տեսա՞ր, բալա,— ասաց ծերունին, երբ էշերի քարվանը ճանապարհվեց,— Աստծո լույսը սրան են ասում։ Միտն էլ չէր, որ փող առնի քեզնից։ Տիտոսը լուռ քայլում էր ամենից առաջ։ Նրան թև էր տալիս այն միտքը, որ շուտով արևը պիտի ծագի և հենց արևը մի քիչ բարձրանա թե չէ, պիտի հասնեն Վագոնին։ Էլ ոչ մի սար, ոչ մի շուն ու իջևան։

Ձորն էլ էր այդ ասում։ Քանի գնում, բլրակները տափականում էին, խոնարհում էին գագաթներր, ձորի բարձր ժայռերը մանրանում էին, նոսրանում։

Երբ լուսաստղը դժգունացավ ու կորավ կապույտի մեջ, Տիտոսի աչքի առաջ բացվեց այն անծայր տափաստանը, որի հորիզոնը հեռվից դժվար եղավ որոշել, իմանալ հեռվի կապույտը երկի՞նք է, թե հարթավայր։

Լուսաբացին, օդի մեջ եղած փոշին ցողի հետ իջել էր գետին։ Օդը մաքուր էր և թափանցիկ, որպես սրբած ապակի։ Եվ երբ Տիտոսը հարթավայրի վրա կանաչ այգիներ տեսավ, ուրախությունից ձեռքը մեկնեց այգիների կողմը,