Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փախչեին մաշինի ձայնից։ Ամպն ի՞նչ նրա համար, անձրևն ինչ…

Կամուրջի վրայից արագ անցնելիս՝ Տիտոսին թվաց, թե անիվները ջարդվում են։ Բնազդով հետ քաշեց գլուխը։ Կամուրջի երկաթները նրան բարակ ճաղերի պես թվացին։ Քիչ մնաց փափախն ընկներ։

Գնացքը մի անգամ էլ կանգնեց։

— Երկու,— մտքում հաշվեց Տիտոսը։ Միտն ընկավ, թև ինչպես մանուկ ժամանակ մորը հարցնում էր, թե երբ է լինելու զատիկ, ձու ներկեն։

— Քնես վեր կենաս, մեկ Էլ քնես, կդառնա զատիկ,— պատասխանում էր մայրը։

Տիտոսը պայուսակին նայեց։ Պառավի բլիթները փշրվել էին։ Ձեռքր կոխեց, բուռը լցրեց։ Մոր տվածից մնում էր չոր պանրի մի կտոր և առանց յուղ գաթա, քարի պես պինդ։ Գրքերը տեղն էին։ Բլիթի փշրանքները կուլ տալիս Տիտոսը բռի մեջ տեսավ կավիճի կտորը, սրբեց, նորից տեղը դրեց։ Գրիչն էլ էր պայուսակում։ Տիտոսը նայեց գրչին, որի կոթը մասրենու ճյուղ էր, վրան սև թելով փաթաթած ծայր։

Հանկարծ դուռը բացվեց, Տիտոսը քիչ մնաց ընկներ։

— Հը՜, լապստրակ, բռնվեցիր,— ասաց մարդը, որ մուտքի առաջ տոմս էր ստուգում։

— Դե՜, ներս եկ, հիմա հոգեառդ կգա...

Տիտոսը սանդուղքից ցած նայեց։ Գետինն արագ էր դառնում, անիվները դղրդում էին։ Եթե ցած թռներ...

Բայց մարդը նրա թևից բռնեց, ներս հրեց և դուռը կողպեց։ Ներս հրելիս Տիտոսի փափախը գլխից պոկվեց, ընկավ։ Նա միայն այն տեսավ, թե ինչպես փափախը ոզնու պես գլորվեց ավազի կույտերի վրա։

Մարդը գնաց։ Տիտոսը զգաց, թե ինչպես ոտքերի տակ անիվները թափով զարկվում էին տախտակներին, ասես հիմա պետք է տախտակները ջարդվեն։ Ոտքի մեկը բարձրացրեց, աչքը ման ածեց, ավելի ապահով տեղ գտնելու։

Մի ուրիշն եկավ։ Առաջին մարդը ցույց տվեց նրան դռան մոտ կուչ եկած Տիտոսին։

— Ո՞ւր ես գնում,— հարցրեց նորեկը։