Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՁՄՌԱՆ ՄԻ ԳԻՇԵՐ

Հունվար ամիսն էր։ Չորս օր գիշեր-ցերեկ ձյուն էր եկել, ծածկել սար ու ձոր։ Պատերի տակ քամին ձյունը կիտել, դիզել էր մինչև կտուր։ ՓողոՑներում ձյունի վրայով բարակ արահետներ կային, տնից տուն ձգվող, որից ամենից տրորվածը դեպի գյուղամիջի աղբյուրն էր տանում։ Եզ ու կով ձմռան այդ սաստիկ սառնամանիքին տաք գոմերից դուրս էին անում, ջրելու տանում։ Ցրտից անասուններն էլ չէին ջուր խմում. կռանում էին նավի վրա և իսկույն հեռանում։ Մինչև գոմերը հասնելը, քթածակերի տակ գոլորշին սառչում, մազերից կախվում էր, որպես ասեղներ։

Օջախները միշտ վառ էին։ Եվ ցուրտ օդին երգիկներից բարձրացող ծուխն ավելի կապույտ էր երևում, թանձր քողի պես բարակ նստում էր կտուրի վրա, մինչև բարակ քամին փչեր, ծվեն-ծվեն աներ։ Միայն երդիկի մոտ էր, որ ծուխից ձյունը հալչում էր, խառնվում սևացած քարերի վրա նստած մուրի հետ և մազութի պես կաթկթում օջախի քարերի և ամանների վրա։

Ցերեկով երբեմն, երբ արև էր անում, շտապ ներս ու դուրս էին անում, տավարը տեղավորում, փայտ ու աթար բերում, դողդողալով, ձեռքերն իրար քսելով, գնում ջրի, որովհետև արևը մայր մտնելուց՝ երկինքը ծածկվում էր գորշ ամպերով, ամպերը կախվում էին, սկսվում էր մի բարակ քամի, որ ածելու պես կտրում էր, ծակծկում։ Թքեիր, թուքդ գետին չառած, կսառչեր։ Իսկ մութն ընկնելուց՝ քամին մինչև լույս վզզում էր, բորանը պտույտ էր անում, կտուրից կտուր թռչում, երդիկներից ձյուն մաղում և միլիոնավոր բյուրեղներ