Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՅՐԸ

Երբ գարնանամուտին Ունանը տնքտնքալով մաշված, ցեցը կերած փայտե սանդուղքը տեղափոխում էր սրահից բակ և պատին դեմ անում, որ վեր բարձրանա ու իրենց տանը վարժված արագիլի բունը սարքի,— հարևաններն իրար ասում էին.

— Գարունն եկա՜վ... էլի Ունանը լագլագի բունը շքեց։ Հրեն հա՜, օճորքի գերանները դմբդմբում են, կտուրին որ խաղան։

— Մինն էլ նրանց տունը շքե՜ր...

— Հրեն Ռուշանը կմեծանա՜, կսարքի։

— Է՜, նրանց ցեղը ես գիտեմ,— ասում էր Ունանի զրուցընկեր և դրկից Մեժլումը, որի աչքերը ծերությունից չորացել, ճաքճքել էին, ձմեռը ճյուղին մնացած ծիրանի նման։ Գլուխը թափահարելով, Մեժլումը կրկնում էր իր վաղեմի խոսքը.

— Բաբի Օհանի կողմն են քաշել Ունանի երեխեքը։ Առուշանը հլա թև չունի, Զանու փեշի տակին է սթարվում։ Որ մեծացա՜վ, թևին է տալու, թոնի ով գիտե ո՜ր աշխարհ...

Բաբի Օհանը Զանու հայրն է եղել, անհանգիստ, ինքն իր ասածի և հակառակ մարդ։ Եզան նման աշխատել գիտեր, նրա շալակը ոչ ոք չէր կարող տեղից շարժել։ Ձեռքը եթե ձիու մեջքին էր դնում, ուժով ձին էլ կռանում էր, փորը գետնով տալիս։ Երբեմն անհայտանում էր, մի քանի օրից հետո նորից երևում։ Ոչ բան էր բերում, որ ասեին, թե գողության կամ որսի է գնացել, և ոչ էլ նրան շրջակայքում տեսնող էր լինում։ Տուն էր գալիս նիհարած, աչքերը փոս ընկած։ Վա՜յ