Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Է... Հալալ մորը հարցրեք` չի՞ թակել։ Ես էլ հո մեռած չեմ... Տուն գալուց մշտական տեղեկանում էի, թե երեխին ոնց է պահել...— և ձայնը ցածրացնելով շարունակեց.

— Հարևաններից էլ էի հարցուփորձ անում, թե ձեռքի կողմանից ո՞նց է, հո հարամ չի... Հա, աչքս երեխի վրան էր։ Ջեբս դատարկ տուն եկած չկամ։ Իսկի էլ որ չի եղել, մի խնձոր էլ տարել եմ, ասել եմ անմեր երեխա է, սիրտն առնեմ։ Ուսումնարան եմ տվել, ասել եմ ժառանգս է, ես կեղտի, թրիքի մեջ եմ ապրիլ, թող Նա լավ օրի հասնի...

— Մարիամին դո՞ւ ես կանչել,— հարցրեց նախագահը։

— Կանչելը չի եղել, համա սուտ չեմ ասի, եկողով լսել էի, որ երեխի կարոտը շատ է քաշում... Ասի նա էլ ջիգյար է, էսքան տարի է արանքովն անցել, թող գա տեսնի։ Իմ սիրտն էլ հովություն կլինի, աչքս ընկնի աչքին, հենց մի կարճ խոսք ասեմ, թե կշտացա՞ր էս աշխարհից, հիմա ո՞ւմ օրն է լավ, ի՞մը թե քոնը... էդպես մի խոսք ասել էի... Երկու շաբաթ առաջ, իրիկունը մթնած, տեսնեմ ըհը՛, մի կապոց կռնատակին դոնովս մտավ... Դուրս անեի, էդուց հազար բան կասեին։ Ասի լավն էն է մեռելս իմ հողում թաղեմ, էս կեղտը քուչեն չածեմ... հազար մարդ, հազար խոսք։ Երեխան էլ շատ լաց եղավ, ես էլ, ինքն էլ...

— Շոր-բան բերե՞լ է երեխայի համար։

— Գրքեր է բերել, մի ջուխտ չաքմա, ային-օյին։

— Պատկոմի շորեր,— տեղից վրա բերեց տղան։ Նախագահը նորից զանգահարեց։

— Էսպես մի օր, երկու օր,— շարունակեց նալբանդը։ — Երեխի համար ասում էի համբերեմ։ Չորս օր հետո, թե՝ գիտես ի՞նչ կա, Տոնո, ես քո տանը մնացողը չեմ, համա երեխեն ինձ կպատկանի, եկել եմ տանեմ։ Ոնց որ ծանր քարը գլխիս քցեն... Ո՞նց թե, ես ծառ տնկեմ, պահեմ, չարչարվեմ, դու գաս պտուղը քաղե՞ս... էդ ո՞ր օրենքին է ընդունակ։ Ես մեկ ասի, նա' երկու, վերջը տունը դառավ կռվատեղ։ Երեխան էլ չեմ իմանում ոնց հեղափոխվեց... էսպես վերջն էլ գործս ընկավ ձեզ։ Հիմա իմ հույսը դուք եք, ընկեր դատարան, խղճի մտոք էս գործը քննեք, թե արդար եմ, թողեք իմ ժառանգը իմ տանը մնա։ Միևնույն է, այսուհետև