Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Այն տարին էլ ծիրանը դեղնել էր ժամանակին, ինչպես միշտ», բայց գերադաս եմ համարում ծիրանով չսկսել, այլ վարժապետարանի նկարագրով, որովհետև կենդանի վկաներ դեռ շատ կան, նախկին «նախարար հանրային վարուց», որոնք կարող են հաստատել, թե իրոք այդպես էր առաջ, պետական թատրոնի սրահում։

***

Անձրևոտ աշնան սկիզբն էր։

Ցեխոտ ու խավար փողոցներ, մայթերը դար ու փոս, ամեն քայլի տիղմոտ լճակներ, նեղություն հացի, շաքարի, բնակարանի։ Այն տարին տարածված զգեստը վանեցոց զոլ-զոլ շալից էին կարում, շապիկը՝ ջուլհակի գործած քաթան։

Մի արտոնյալ դաս կար միայն, որի համար իզուր չէին ծխում հրկիզվող գյուղերը, մայթերի վրա, ավերակ շենքերի մեջ և խաներում աղտոտ իզուր չէր մահանում գաղթական ամբոխն անտեր։

«Զինված, պատրաստված» դասն այդ շռայլում էր թալանը, ջարդում, ավերում։ Այն տարին նրանց համար չկար ո՛չ դատ ու օրենք, ո՛չ կարգ ու կանոն։

«Սահման տղերանց էին մաուզերքն յուրյանց»։

Ու մութ գիշերին (չգիտեմ լուսին կա՞ր այն տարին) քաղաքի խուլ թաղերից մեկում Դժոխք Դավիթի տղերքը խմում էին, հետո կրակում աջ ու ձախ, ծովից ծով։

Հենց այդ նույն գիշեր թատրոնի սրահում վտիտ մի էսեո դարձյալ հարցապնդում էր, իսկ կենտրոնը լսում էր, ընդունում ի գիտություն։

***

Պատասխանատու այդ տարին ես խիստ անպատասխանատու պաշտոն ունեի։ Ամեն օր պիտի շրջեի հիմնարկները պետական, լուրեր հավաքեի, թե ի՞նչ է պատահել, ո՞ւմ են սպանել, գողերը քանի տուն են կտրել, քանի խանութ թալանել։

Լուրերիս համար տողավարձ էի ստանում, և որովհետև հունձն առատ էր, պատահարները բազմաթիվ, շաբաթվա վերջին