Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պուճախը։ Էն խեղճին թե՝ առաջ ընկի։ Էն էլ սփրթնել էր, ալրից սիպտակել։ Բեղի տակին ծիծաղեց, թե՝ էնքան տարի դու առուտուր ես արել, հիմա էլ ես եմ չարչի։ Աչքերը ոլորեց իմ կողմը, ունքերին ձիգ տվեց, ես նոր գլխի ընկա տրեխի հանգամանքը։

Թեմուրին տարան։ Կամուրջը անց չէին կացրել, տեսնեմ մեր պառավը քաշանում է դեպի աղբյուրը։ Տրեխի թայը առա վազ տվի։ Հիմա մնացել եմ երկու կրակի մեջ։ Չեմ իմանում տրեխը Գալուստին հասցնեմ, թե էն բեչարի հետեվից գնամ։

Պառավը տեսավ։ Էն խեղճն էլ մնում է կամուրջի գլխին կանգնած։ Թեմուրը բարով է տալիս, թե նանի, բա չե՞ս ճանաչում, խեղճը վախլությունից, թե ամաչելուց ձայն չի հանում։ Տրեխը տվի պառավին, թե հասցրու մարագը, Գալուստը օխտն օր էր դարմանի մեջ էր քնում, ասա կարկատանը քանդի, տակը ամանաթ կա։ Ես վազ տվի գյուղամեջ, դես ընկա, դեն ընկա, մի քանի ինձ նման հալ ու ոտից ընկածը հավաքվեցին, գնացինք նրանց մեծավորի մոտ, թե էսպես, էսպես, դա մեր տանը մեծացած, մեր աղ ու հացը կերած տղա է, խեղճ, անշառ, վերջապես գլուխներովս պատասխանատուր ենք, թե դրանում մի մեղք կա, — չէ՛ հո չէ։ Չլսեց. թե սրան ես կուղարկեմ ամենամեծի մոտ, թող դազնանի անի։

Տարան։ Էն խեղճն էլ թե՝ Անդրի ամի դարդ մի անի, թող տանեն։ Ջուր ուզեց մի գավաթ, պառավն էլ հացը–մացը շինեց ճանապարհի համար։ Երկու ձիավորն առաջն արած տարան...

Էն էր, որ տարան։ Ձիավորները տեղացի չէին, որպեսզի նրանցից իմանային եղելությունը։ Նրանք նույն երեկոյան վերադարձել էին և Անդրի ամուն պատասխանել, որ բանտարկյալին հանձնել են քաղաքի կամենգանտին։

Տասն օրից հետո մերոնք մտել էին գյուղը։ Պադպոլնի բջիջն ահագին գործ էր կատարել դաշնակներին թիկունքից խփելու։ Գյուղը գրավելուց հետո Գալուստը հարցուփորձ էր արել Թեմուրի մասին, եղել էր քաղաքում, — չկար ու չկար։