Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԺՊՏՈՒՄ ԷՐ ՄԱՐԴԸ

1

Քաղաքի խուլ փողոցներից մեկով անցնում էր մի մարդ։ Հնամաշ կարտուզը քամուց պահելու, նաև ականջները չսառեցնելու համար՝ մարդը կեղտոտ լաթով փաթաթել էր գլուխը, ծոպերը նապաստակի ականջների նման գլխավերևը ցցել։

Նա աշխատում էր ձեռքերն ավելի խոր կոխել կիսամուշտակի տաք թևերի մեջ։ Մարդը թևին էր հագցրել կարկատած կողովը, որը նրա քայլերից ցնցվում էր, մուշտակի փեշին զարկում։ Նրա կոշիկների հաստ մեխերը մետաղի ձայն էին հանում, երբ կոխում էր սառույցը, և խուլ՝ երբ ոտքը խրում էր փափուկ ձյունի մեջ։

Ու նա գնում էր՝ գլոփը կախ, ցրտից կծկվելով։ Գնում էր հավասար քայլերով, չնայելով ո՛չ տներին, ո՛չ ծուռումուռ փողոցների լաբիրինթին։ Երբ քամին ձյունի փոշի էր շպրտում նրա երեսին, մարդը մի վայրկյան կանգնում էր, շունչը պահում և ապա կուրծքը դուրս քցած ճեղքում բուքը։

Տրամվային հասնելիս նա հետ դարձավ, նայեց կամոլրջի սև սիլուետին ու սյուներին, որոնց վրա ճոճվում էին ջարդված ճրագների երկաթյա լուսամփոփները։

Մարդը նայեց, կռացրեց գլուխը կրծքին ու քայլերն արագացրեց։ Ու նա հիշեց սարսափելին, ամենից սարսափելին, որ տեսել էր իր կյանքում...

... Երբ Դենիկինը քաղաքը գրավեց, նա առավոտ կանուխ դարձյալ շտապում էր գործարան... կամուրջին հասավ. ձիավոր