Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մենք մեռած պիտի լինենք, որ մեր երեխան սովից մեռնի։

— Ինչ անենք, է՜, Աթա ապեր, ինչ անենք... — Ում տանը մի բուռ կորեկ կա, թող նրա տունը կրակ ընկնի...

— Լավն էն չէր, որ սրով կոտորվեինք։

— Մենք սրով չենք կոտորվել, սովից էլ չենք կոտորվի։ Ուրեմն արար աշխարհը պիտի մթնի, որ մենք սովից կոտորվենք։ Առաջ էլ է սով եղել, պատերազմ է եղել,— ինչպե՞ս են ապրել մեր պապերը։ Օղորմի իրեն, իմ Օհան պապին, մի պինդ սովի ժամանակ գալիս է տեսնում ժողովուրդը տավարի նման արածում է, իրա հերն էլ ցորենի հորը բաց է արել, թաջիրներին ցորեն է ծախում` սոմարը մի աբասի։ Մահակը վեր է առնում իմ Օհան պապին, թաջիրներին տուր թե կտաս, էն օրն է քցում, որ եկած ճանապարհը մոռանում են։

— Այ թե հա՜...

— Օղորմի Օհան պապին,— սրտի խորքից գոհ կանչում էր ունկնդիրներից մեկը, կարծես անհայտ թաջիրները նրա թշնամիներն են, և ինքն էլ մասնակցել է ծեծին։

— Հա՛, Օհան պապին ցորենը ետ է ածում հորերի մեջ և հորն ասում է` վե՛ր կաց, հիմա ես պիտի չափեմ։ Նստում է հորի բերանին, ժողովուրդին կանչում է, որին մի կոտ, որին երկու, լցնում է պարկերը, թե շահով, կարգով ետ կբերեք, երբ ունենաք։

— Ա՜յ արդար դատաստան...

— Առաջ էլ է սով եղել, հապա ո՞նց են արել...

— Ո՞ւր է հիմա Օհան պապի, ո՜ւր էն ժամանակի հորերը... Աշխարհի վերջն եկել է, Աթա, զուր հենց մենք ենք չարչարվում,— ասում էր Չիտանց Վանեսը, որը շտաբի անդամ եղած ժամանակ էլ կարծում էր, թե Խանլար փաշան Դրնգանի ձորով կանցնի և այդ անխուսափելի համարելով առաջարկել էր գյուղը վաղօրոք տեղահանել Մեղր աքերծի անտառը։

— Հորեր շա՜տ... դու հանելն ասա, Աթամի...

1920 թվի սկզբին դիրքերից տուն Լին վերադարձել այն զինվորները, որոնք կազմում էին ինքնապաշտպանության կանոնավոր զորամասեր, վերադարձել էին նաև նրանք, որոնք պարտադիր զինվորական ծառայության մեջ չէին, այլ