Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինշալլահ, ինշալլահ,— և նրանք ուրախ սրտով կերան պարզ ընթրիքը։

Ապա երկու հին բարեկամները քնեցին օջախի առաջ՝ մեջք մեջքի, ինչպես հովիվ ժամանակ շատ անգամ քնել էին։

Առավոտյան Օրուջն ասաց, որ մութն ընկնելուց ուզում է տուն վերադառնալ։ Աթա ապերն առարկեց։ Օրուջն ասաց, որ տնից անհանգիստ է։

— Ջավահիր քրոջդ հիվանդ եմ թողել... — և լռելուց հետո հանկարծ ասես սիրտ առնելով, թուրքը դիմեց իր բարեկամին.
— Աթա քիրվա, ախր... Ես բանի եմ եկել... Ես քո անունըդ տվել եմ եկել...
Աթա ապերը ուզեց խոսք ասի, բայց Օրուջը վրա բերեց.
— Աթա քիրվա, ի սեր աստծո, մի ճար... Սովից մեռանք... Ջավահիր քրոջդ անկողնում պառկած եմ թողել։ Չեմ իմանում ողջ կգտնեմ նրան, թե մեռած... Նա ասաց, ա՜յ մարդ, աշխարհում թե մի մարդ մեղ ճար անի, Աթա քիրվան կանի... Հիմա տեսնում եմ, որ դու էլ դառը տեղ...
— Օրուջ, կաց,— և Աթա ապերը վեր կացավ դեպի տան անկյունը։ Պառավը հասկացավ, երկու քայլ հետևեց նրան և կանգնեց։
— Բաց արա պարկդ, Օրուջ,— Աթա ապերը ետ եկավ թևի տակ կորեկով պարկը,— սա է մեր հույսը, մեր հացը...
Ծերունին պարկի կորեկը կիսեց, պառավին պատվիրեց մի քիչ ձավար բերել, մի բուռ չորաթան և նույնիսկ կորեկի երկու բլիթ կոխեց պարկի մեջ, ասելով, թե ճանապարհին նա կուտի։
Աթա ապերը միայն խնդրեց, որ եթե իր հարևաններից տունը մարդ գա և Օրուջին հարցնի Գետամեջերի մասին, թող Օրուջը նրանց ասի. որ թուրքերի գյուղերում շատ բրինձ կա, ցորենի արտերը ծփում են և շուտով այնտեղ գարին կհնձեն։
— Մենք ձեր հույսովն ենք ապրում, Օրուջ քիրվա, այդպես ասա, որ նրանք հույսով ապրեն, որ գոնե մեռնողը հեշտ մեռնի...
Եվ այդ օրն ով որ եկավ Աթա ապոր տունը տեսնելու նրա հին ճանաչին,— բոլորին Օրուջը պատմեց, որ երբ ձյուները վեր կենան և այլևս պատերազմ չշինի, ճանապարհներլ