Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կբացվեն և քանի-քանի ուղտեր հարավից կբերեն բրնիձ, ցորեն և մինչև անգամ թուզ կբերեն։

Մեկն ասաց.

—Օրուջ քիրվա, դու առաջին կռունկն ես... Դու որ եկեք ես, մենք համարում ենք, թե բրինձ էլ ունենք, ցորեն էլ ունենք, մինչև անգամ թուզ էլ ունենք։

Միայն Նիազանց Անդրին սրախոսեց.

— Երբ քարվանը գա, Օրուջ քիրվա, իմ զուռնային մի պիպիչ կուղարկես...

Երեկոյան մթնով, Աթա ապերն իր բարեկամին ճանապարհ դրեց, շատ–շատ բարևներ ուղարկեց Ջավահիր քրոջը, նրանց ազգականներին և Գետամեջերի իր հին ծանոթներին։

Աթա ապերը Օրուջին պարգևեց իր մաշված ձեռնոցները, որովհետև նա պիտի սարովն անցներ և վերջին րոպեին, երբ թուրքն արդեն շեմքի մոտ էր, նրա գրպաններն ընկույզով լցրեց․

— Երեխաներին կտաս, երեխաներին...

7

Օրուջ քիրվան ի՞նչպես ընկավ քաղաք և քաղաքի բանտը,— մինչև հիմա էլ անհայտ է։ Նրան գյուղի մո՞տ էին բռնել, թե՞ ձորում հանդիպել էր զինվորական պահակների, որոնք հսկում էին ճանապարհների վրա և իջնում էին ձորերը:

Ապրիլի կեսերին գյուղի կոմիսարը Աթա ապորը կանչեց, հարցեց, թե ո՞վ էր այն թուրքը, որ եղել էր նրա տանը, մենա՞կ էր, թե ուրիշ մարդ էլ կար, ի՞նչ էր ասում և ո՞ւր գնաց։ Աթա ապերը դեռ չգիտեր, որ իր քիրվան տուն չի ընկել և հասել է քաղաքի բանտը։

— Մի խեղճ մարդ էր, պարոն կոմիսար,— պատասխանել էր Աթա ապերը.— հետը ոչ ոք չկար, և ինչ պիտի ասի մի մարդ, որ տանը հաց չունի և էս ցրտին անցել է սարը... Նա ինչ գիտի և կամ ես ի՞նչ գիտեմ, պարոն կոմիսար։ Էս ձորերում ի՞նչ կա, որ մարդ ինչ իմանա։ Թե ս՛ով ես ասում, նրանք մեզանից խեղճ, մենք նրանցից...