Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տուրական կենտրոն էր Զանգեզուրի, Օրդուբաթի, Մակվա և այլ շրջանների համար։

Հիմա չկա առաջվա եռ ու զեռը։


 Պատերազմը ավերել, սրբել է շատ բան. Հիշում եմ դաշնակ-մուսավաթյան անիծյալ օրերը։ 


 Մի քանի տեղ նորոգման հետքեր կան։ Պետական հիմնարկներ են գլխավոր փողոցի վրա, գույնզգույն ցուցանակներով։ 


 Ինչո՞ւ արևելքն այդքան վառ գույներ է սիրում, նույնիսկ ցուցանակները կանաչ գույնի են, կապ-կապույտ, կարմիր ու դեղին։ 


 Անցնում եմ մի խոշոր շենքի մոտով, ուր տեղավորված է աղահանքերի գլխավոր վարչությունը, Նախիջևանի գյուղատնտեսական բանկն ու «Նախիթթիֆագը»(կոոպերատիվների միությունը)։ 


 Մի քիչ դենը սիրուն, կոկլիկ հրապարակ է, աղյուսի, կիրի և գաջի կույտերով։ Նորոգում են, նոր տներ են շինում։ Հրապարակի ճակատին ժողկոմխորհրդի սպիտակ շենքն է որ շատ դուրեկան է շրջապատի մոխրագույն ֆոնի վրա։ Բակում սիրուն ծաղկանոց, միակը ամբողջ քաղաքում, ինչպես իմացա ես հետո։


 Ժողկոմխորհրդի շենքի կողքին մի այլ շենք, ավելի սիրուն, արևելյան նիշերով, ճակատը բրգաձև ուռուցքներով, նեղ ու երկարաձիգ պատուհաններով։ Շենքն արդեն ավարտված է, միջին մասն են պատրաստում։ Նախիջևանի խաներից մեկն է շինել այդ շենքը մեչիտի համար, թերի է մնացել։ Խորհրդային իշխանության հաստատվելուց հետո մեչիտի շենքը վեր է ածվել ակումբ-գրադարանի։ 


 Մոտենում եմ բանվորներին. չնայած որ կանուխ է դեռ,բայց աշխատանքն արդեն սկսված է։ Մի խումբ բանվորներ ցեխ են խառնվում հարդի հետ, աղյուս պատրաստում։ Ալևոր մի բաննահ, քթի տակ մի երգ մռմռալով պատ է շարում։


  — Էս շենքը Արաս խանի տղան էր ուզում շինել, հիմա տեսնում ես աստղը ճակատին,— ասում է ինձ բաննահ ծերուկը, ցեխոտ մատն ուղղելով դեպի շենքի ճակատը։ 


 Կարմիր աստղը նախկին մեչիտի ճիշտ ճակատին։