Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բուլվարի մի անկյունում նստած քաղաքի նախկին « հայրերին» (այժմ պարապ, հոգեպահուստով ապրող) անուշ զրույց անելիս։ Բուլվարի մյուս անկյունում մի գյուղացի իր էշն է թողել կանաչ ուտելու, ինքն էլ դինջանում է կողքին։

 «Հայրերի» խումբը ուշադրություն է գրավում։ Առաջ հարուստ էին, խանութատեր. մեկը մի քարվանսարա ուներ, մյուսը՝ բաղ ու հող, տոկոսով տված փող։ Հիմա չկա, բայց մրմուռը կա, զայրույթը մնում է։ Նրանք երդվյալ հակահեղափոխականներ են, չնայած որ նրանց ուժը տկար է, խոսքերը ծիծաղ հարուցող։
  Բայց մարդիկ ապրում են քաղաքականորեն, դեռ չեն մեռել: Նրանք սնվում են... պրովոկացիայով, իրենց հնարած լուրերով, սրանից-նրանից թերատ լսած ու հասկացած խոսքերով։ Հերիք է, որ մի լուր իմացան. մեկը ծաղկեցնում է, մյուսը եզրակացության հանգում, մեկէլը ապացուցում, որ «սրանք» երկար կյանք չունեն։ 
  Յոթ Հոկտեմբեր է անցել, Եվրոպան իրար է անցել՝ Խորհրդային Միությունը շուտ ճանաչելու, իսկ փոքրիկ մեր քաղաքում (որ քարտեզի վրա լվի ծերտի չափ էլ չէ) դեռ համառում են և հավատում «սպիտակ ձիավորին», հակահեղափոխության սուրբ Գևորգին, որ պիտի գա... Ավան ապոր՝ բանկում թողած մանեթները ետ տալու։ 
  Կարապետ Հախնազարիչը գործն ավարտելուց հետո շտապում է նրանց մոտ, հավաքվում են և զրուցում, հուսադրում ու հորինում։ Կարապետ Հախնազարիչը լուրջ հայտնում է, որ այսօր վռազ ժողով են հրավիրել նրանք, մի բան կա երևի։ 
— Երևի մի բան կա... 
   Մրմռում է խումբը ցմահ հակահեղափոխության, և հույսը, իբրև ձմռան անզոր արև, մի անգամ էլ շողում է նրանց 30 պառավ դեմքերին...