Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԱՎԱՌԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ

Ձմռան էն թունդ ցրտերն են այժմ։ Ցուրտ քամին ասես ուզում է մարդու մարմինը ծակել ու թափ անցնել։ Զեռներդ կապտում են ցրտից։ Երջանիկ ես, եթե մի օջախի մոտ կարող ես մեկնվել կամ թոնիրի մեջ ոտներդ կախել ու տաքանալ։ 
 Անօգ մի կին, վարձու աշխատանքով ապրող՝ ջրկիր, լվացարար, թե տան ծառա, անօգ մի կին ամեն օր կուժն ուսին՝ այս ցուրտ ձմռան բոկոտն անցնում է մեր փողոցով՝ «խանումի» համար ջուր է տանում։ 
 Կրունկները սառել են, ճաքճքել, դարձել հաստ պադոշ՝ անզգա, առանց նյարդի։ Այդ ավելցուկ մսի կտորներով մարմինն իրեն պաշտպանում է ձմռան ցրտից։ Համարյա կիսամերկ է, ուռած, կապտած մարմնով։«Խանումը» նրան իր տան ներքնահարկում մի անկյուն է տվել ապրելու. դրա փոխարեն ծառայում է, ջուր բերում, լվացք անում: 
 Ամուսինը հաշմանդամ է, կինն է նրան պահում: Երեք ամիս աշխատելուց հետո նա կարողացել է շորս արշին բյազի արժեք ետ գցել։ Մնացել է շիվար, չգիտե իր մերկությո՞ւնը ծածկի այդ չորս արշինով, թե՞ բարուր պատրաստի մանուկի համար, որ մուշ-մուշ քնել է կիսամերկ մոր արգանդում և չի զգում, թե մայրը ձմռան ցրտին «խանումի» համար ջուր է բերում։ 
 Իբանիյեսը իր գրքերից մեկում շատ սիրուն նկարագրում է Մադրիդի աղքատներին, որոնք ապրում են քաղաքից դուրս