Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Հավ էլ չունեն իսկի, նրանց շեմքում կատու էլ չի մլավում:

Աղքատներն ամռանը հասկաքաղ են անում, մի փոքր հացով սրա-նրա արտը քաղհանում, շալակով փայտ են բերում, ծախում կա թե հարևան գյուղերում մշակ վարձվում: 20 տուն գաղթել է բակու և աշխատում է նավթահորերում: Այնտեղ նրանք ավելի լավ են ապրում, քան գյուղում և գյուղ վերադառնալու մտադրություն էլ չունեն:
Դպրոց չունեն: Եկող տարվա համար որոշել մի սենյակ պատրաստել: Նստարանների վարձը Բաքվի միությունն է խոստացել տալ:
- Վարժապետ չունենք, մեր գյուղը դժվար թե գան, - ասում են գյուղացիք:
Իրենց գյուղից մեկին ուղարկել են Բաքու, որպեսզի կուրսերում ավարտի, ուսուցչության պատրաստվի: Հիմա թլ ցենզի խնդիր կա, խեղճը շվարել է, հույս չունի, թե կկարողան քննություն տալ:
- Աղքատ ենք, համա գիտակից, - մի առանձին հպարտությամբ ասում է ընկեր Արամայիսը՝ բջջի քարտուղարը:
Գյուղում կա 60 պիոներ, որոնք լավ կազմակերպված են, կանանց միության 45 անդամ ունի: Ձմեռվա ընթացքում կանոնավոր պարապել են:
- Նոր կենցաղն սկսել է տիրապետել, - ասում է ընկեր Արամայիսը և պատմում է, թե ինչպես է մեռնում գյուղում չքավոր մի երիտասարդ: Քահանան պատրաստվում է թաղելու, իսկ իրենք մինչև լուսաբաց նստում են ու սովորում հեղափոխական երգեր, դրոշակ պատրաստվում և առավոտյան մեծ շուքով թաղում:
Հողը պակաս է, տեղը քարոտ:
Հողային խնդիրը խճված է:
Այս տարի ցանքսերը երաշտից ու ձմռան ցրտից վնավել են. մուկն էլ մի կողմից է վնասել:
Հույս են դրել այգիների վրա, գուցե մի բան ստացվի: Այգիներում էլ հիվանդություններն են տարածվել, իսկ գյուղացիք՝ բժշկության ձևերից անծանոթ են: