Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մանր գործեր են. մեկի ոչխարն է ընկել մյուսի արտը կամ հերվա ցորենից տալացուք կա, որ դեռ չի ստացել։ Գործերը քննվում են շատ արագ, բանավոր գանգատի հիման վրա. բոլորին էլ հայտնի է, թե ինչ որոշում պիտի տա խորհուրդը: Գյուղական ադաթն է՝ բանավոր մի օրենսգիրք առանց մի հոդվածի, առանց հատվածի։

Գործերը պրծան։ Արդեն բավական բազմություն է հավաքվել։

— Հա՛, ընկերներ, դե կանգնածը մի նստի հալա,— ասում է նախագահը։

— Էսօրվա ժողովում մին օրակարգ ունենք, բոլորիս էլ սրտակից բան ա…

Եվ մի քանի խոսք է ասում այն մասին, թե ինչքան դժվար է գյուղում եզներով վարուցանք անել, օրինակ բերում, թե մի օրվա վարելու համար մի եզան վրա քանի ճիպոտ են ջարդում, և հանկարծ խոսքը ընդհատելով դառնում է մեկին, վկա կանչում.

— Քո ալա եզը վար անելիս սատկեց ո՞չ…

Նա էլ ասում է.

— Բա սատկեց ո՜չ։

Եվ խոսքը շարունակում է, ուրիշ օրինակ բերում՝ ապացուցելու, որ եզներով վարուցանքը ձեռնտու չի։

— Պետք ա մենք տրախտորի մաշին բերենք։

Այդ ասելիս մի թեթև շարժում է նկատվում ունկնդիրների մեջ, որոնց դեմքերը կիսամութի մեջ պարզ չեն երևում։ Թութունի կրակներն են, որ պսպղին են տալիս։

Ընկերս է խոսում տրակտորի առավելությունների մասին, բացատրում է, որ հարկավոր է ընկերություն կազմել, ընկերության կանոնադրությունն է կարդում։

— Մեր հողերում բան կանի՞ էդ տրախտորի մաշինը,— հարցնում է մեկը, մյուսն էլ, թե՝

— Մաշինն առանց եզան ո՞նց ա շուռ տալու ծրելիս…

Էլի այն գյուղացին է, որ Գերմանու պլենում հազար հրաշք է տեսել. պատմում է հինգ տարի, և դեռ չի վերջանում տուտը տեսածի։ Նա էլ մի կողմից է ավելացնում տրակտորի առավել կողմերի մասին։