Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԼԾԵՆ ճամփի լայնքը քառորդ մետր, այծի ճամփա, քերծերի վրայով։ Այնքա՜ն տրեխ, սմբակ ու կճղակ է թակել քարերին, փորել, արահետ արել: Ներքև՝ Որոտանը փրփրած, պղնձագույն ժայռերի մեջ որճնում է, քարերը կրծում, բայց փլվում են ժայռերը վերի, թափվում ձորի մեջ։

Կածանը Լծեն ի ցաքուտների միջով իջնում է դեպի գետը, տեղ-տեղ անցնում փայտե կապերի վրայով և իջնում դեպի Որոտանի միակ անցքը, հետո զառիվայրով օձապտույտ ձըգվում է բարձր, դեպի փեշերը անտառապատ սարերի։ 
Երբ ձյուն է լինում, սառչում է անցքը, կապերը պնդանում են, գյուղը օրերով կտրվում է դրսից, կածանով գնացող եկող չի լինում։
Լծենը հարյուր տարի առաջ Խոյից գաղթել է, եկել ապառաժի գլխին թառել։ Հինգ տուն են եղել, հիմա վաթսունից անց է։ Անտառները կտրատել են, ծառերը արմատահան արել։ տեղը կորեկ, հաճար վարել, շալակով հող կրել, թափել քարերի վրա, բոստանատեղ սարքել։ Ներքև՝ ձորում, Որոտանի ափին, ժայռերի ճեղքերում ծառեր են տնկել ընկուզենի, բալ։ 
Գյուղի տեղը դառն է, քամու բերան, բաղ ու բարահիր հողից զուրկ։ Եթե սարալանջը վարելիս մաճկալը մաճն է բըռնում, մեկն էլ մաճկալին է պահում, որ չգլորվի ներքև։ 
Գերդաստաններ կան քսան շնչով, նահապետական վարք ու բարքով։ Իրար ազգ ու բարեկամ են, հարսանիքին՝ ամբողջ գյուղով պիտի լինեն, ուտեն, խմեն։
Շատ քիչ է դրսից մարդ գալիս լծեն։ Ո՞Վ է գլխից ձեռք