Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երբ հարկավոր էր եկեղեցի գնալ։ Եվ երբ պատմեցի այդ մասին, պիոներները ծիծաղեցին։

Բակում Գամառ Քաթիպայի բրոնզե կիսանդրին մնում է դեռ։ Դուք պատմում էիք նրա մասին և ավելացնում, թե ի՛նչ է կամեցել նա, երբ ասել է. «Այս իմ մի հատիկ իղձը կատարեք»:Եվ եթե մեկը հարցներ, թե ինչո՞ւ կիսանդրին աչքեր չունի, խոռոչները պարապ են, դուք պիտի ասեիք հարյուր անգամ կրկնած խոսքը՝ բանաստեղծի ադամանդյա աչքերի մասին։

Տեսա բրոնզե կիսանդրին։ Աչքի խոռոչներում սարդը ոստայն էր հյուսել, քողով պատել աչքերը, որովհետև նա էլ ձեզ նման մտքով տկար է, հասկանալու նոր օրերի իմաստը: Գլխին բրոնզե մազերը սառել էին, բարդ-բարդ փակչել իրար, ասես պոետը սապնոտ մազերն էր սանտրել։

Ասում են, առաջվա պես դուք գալիս եք, կանգնում արձանի առաջ, կարդում այն, ինչ անգիր գիտեք և մատով քերում ցեխի շիթերն արձանի կարմիր քարերից։ Երբ քերում եք ցեխը, թիկունքով դառնում եք մի այլ արձանի, որ նոր է, ավելի բարձր և որի տակ թաղված մարդկանց «մի հատիկ իղձը» մեր օրերն էին։ Նրանք խորթ են ձեզ, անհարազատ։ Զարմանում եք, թե ինչո՞ւ ամեն իրիկուն մի կարմիր ճրագ ար-ձանի գլխից մանկան աչքի պես վառ թարթում է։

Այնպես հարմար է ձեզ բրոնզե կիսանդրին, սազական ձեր հոգուն, և երբ կանգնում եք անշարժ, գրերին նայում, դուք էլ մի կիսանդրի եք, մեռած քար, ձեր աչքերին էլ սարդը վաղուց ոստայն է հյուսել։ Համոզված եք, որ ձեզ էլ թաղելու են վանքի մոտ, լորենու տակ, և ոչ ոք չպիտի դա ձեր շիրմաքարի ցեխերը քերելու։

  • * *

Շոգ էր, շոգին խաղաղ էր բակը, անց ու դարձ անող չկար։ Եվ եթե օձերը դուրս սողային բներից, խաղային պարիսպների վրա, ոչ մի ոտնաձայն նրանց չպիտի փախցներ։ Անցա բակով։ Ահա ծառուղին... Հիշո՞ւմ եք՝ տասը տարի առաջ էր, է՛լ ավելի։ Այստեղ «խմբեր կային, «զենք ու զրահից թնդում էին լերինք» և դուք ամեն մի «սանի» պատմում էիք «Շուշանն Շավարշանա», դրվագներ Ավարայրի օրե-